05/09/2016 13:06
«Մեր նավթն այս դպրոցն է». Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումն ավարտված է
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման փուլն ավարտված է: Նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու պաշտոնատար այլ անձինք դպրոցի նոր շենքի առաջին հյուրերն էին:
Երաժշտական դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ:
Դպրոցում ուսանում է 600 աշակերտ, ովքեր համատեղում են հանրակրթական կրթությունը:
Երաշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների արդյուքնում դպրոցի շենքը ստացել է նոր որակ:
«Վերելակի և թեքահարթակների կառուցումը հնարավորություն է տալիս հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին նույնպես ուսանել այստեղ: Դպրոցի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքի արդյունքում բարձրացվեց դպրոցի կարգավիճակը: Այժմ դպրոցը ձեռնամուխ կլինի այլ գերակա խնդիրների կատարմանը, այն է՝ հեռավոր շրջաններից, Ղարաբաղից, նաև արտերկրից շնորհալի և տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում կազմակերպելուն», - նշեց նա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն էլ նշեց, որ այս դպրոցի հիմնանորոգումը միշտ իր մտքում է եղել:
«Մշակույթը այն ոլորտն է, որտեղ պետք է մշտապես ներդրումներ անել: Մենք մեր երեխաների համար պետք է կարողանանք պատշաճ կրթություն ապահովել, որպեսզի կարողանանք աշխարհին յուրովի ներկայանալ: Մեր հարևանները շատ են խոսում ու հպարատանում իրենց նավթով, ես մի բան կասեմ՝ մեր նավթը այս դպրոցն է, ու եթե մի օր իրենց նավթը սպառվելու է, մեր նավթն այդ խնդիրը չունի», - նշեց Արա Վարդանյանը:
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2015 թվականի մարտին: