06/09/2016 13:53
Ղարաբաղյան կարգավորման հարցում ակնկալիք կարող է լինել, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը. Քոչարյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ ակնկալիքներ չունի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից:
«Քսան տարուց ավելի է՝ մենք այս գործընթացի մեջ ենք: Պարբերաբար լինում են հանդիպումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով: Ադրբեջանը նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք լինում են սեղանի շուրջ, կոպտորեն խախտում է», - լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, դրա վառ վկայությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն էին, որտեղ խոսվել է, պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը:
«Սակայն իրական դաշտում Ադրբեջանն, ըստ էության, խանգարում է: Ակնկալիք կարող է լինել այն դեպքում, եթե Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Քանի կրակում են, քանի սադրում են՝ ապա անհնարին է կարգավորման շուրջ բանակցային գործընթացում արձանագրել առաջընթաց», - ասել է Շ.Քոչարյանը: