06/09/2016 11:00
Բանակցային գործընթացի ոչ միայն վերսկսման, այլև հանգուցալուծման առումով լավատեսություն ունենալ չի կարելի. Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ
Պատահական չէ, որ ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչի հայտարարությանը հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսուն թվիթերյան գրառումն այն մասին, որ Ղարաբաղում խաղաղությունը հնարավոր է: Aysor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի իրարամերժ հայտարարություններին:
- ՌԴ ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են հրատապ հարցեր, Ուորլիքն էլ իր հերթին հետաքրքիր դիտարկումներ է անում հանդիպման հետ կապված: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները:
- Ռուսաստանը փորձում է մտահոգիչ տեսարան ստեղծել, իբր հարցն այնքան հրատապ է, որ քննարկման կարիք ունի: Ռուսաստանը ահազանգում է, որ եթե որևէ բան չարվի, ապա պատերազմն անխուսափելի է: Այս համատեքստում շատ խոսուն է Ուորլիքի գրառումը, որով նա հակադրվում է Մոսկվայի այն անուղղակի մեսիջին, որ Ղարաբաղում պատերազմ է հնարավոր: Ընդ որում, կարծում եմ, որ Ուորլիքը ոչ միայն հակամարտության կարգավորման հնարավորությունը ի նկատի ունի, այլ առաջին հերթին պատերազմը կանխող մեխանիզմների ստեղծումը, ինչը Վիեննայի պայմանավորվածությունների և որոշումների կատարումն է: Հետևաբար, մենք կարող ենք կրկին փաստել, որ Մինսկի խմբի համանախագահների շրջանում շարունակվում է լուռ մրցակցությունը և որպես կանոն, նրանք խուսափում են հրապարակային դարձնել հարցի կարգավորման վերաբերյալ իրենց տարաձայնությունները:
- Ինչո՞ւ է ՌԴ-ին ձեռնտու հավանական պատերազմի տեսանկյունից հարցին նայելը:
- Դեռևս նախորդ տարի, երբ Ուորլիքը ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել, նրանք բավականին լուրջ կենտրոնացել էին խաղաղապահ ուժերի տեղակայման վրա: Տպավորություն էր, որ ՌԴ-ն ասում է՝ «պատերազմ է լինելու» և այդ պատերազմի կանխման նպատակով առաջարկում է ռուս խաղաղապահների տեղակայումը: Թերևս ապրիլյան պատերազմում ՌԴ որդեգրած դիրքորոշումը դա էր: ՌԴ-ն ակնկալում էր, որ իրավիճակն այնքան կբարդանա, կողմերն այնքան կխեղճացնեն միմյանց, որ հենց իրենք կարիք կունենան ռուս խաղաղապահներին դիմելու: Բայց երբ հայական կողմը միայնակ վերականգնեց իր դիրքերը շփման գծում և Ադրբեջանը կարող էր տարածքների հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ, բնականաբար Ադրբեջանի խնդրանքով հայկական կողմի գործողությունները կանգնեցվեցին:
Ադրբեջանի սպառազինումը դեռ շարունակվում է: Երբ Շոյգուն այցելեց Բաքու և խոսվեց ռազմատեխնիկական աջակցության ու Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու մասին, ես դա մեկնաբանեցի որպես Արդբեջանին տրված հերթական ազդանշան, որ դեմ չի լինի էսկալացիայի: Եվ այժմ մի ձեռքով ՌԴ-ն Ադրբեջանին հասկացնում է, որ կարող է գնալ էսկալացիայի, մյուս կողմից փորձում է ցույց տալ, որ էսկալացիայից խուսափելու համար պետք է ռուս խաղաղապահներին մտցնել հակամարտության գոտի:
- Սեղանին Արցախի հակամարտության հարցն է, սակայն Արցախը բանակցային սեղանի շուրջ չէ: Արդյոք տեսնո՞ւմ եք բանակցությունները սկսելու հեռանկար: Ինչպիսի՞ն է այս դեպքում լինելու Արցախի դերը:
- ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, մերթ Բաքու, մերթ Երևան այցելելով, իրականացնում է ստվերային դիվանագիտություն՝ փորձելով ցույց տալ, որ կան բանակցություններ: Այս պարագայում, երբ մի կողմից ունենք Մինսկի խմբի համանախագահների մոտեցումների և հետապնդած նպատակների տարբերություններ, մյուս կողմից ունենք ԼՂ բացակայություն, թերևս բանակցային գործընթացի ոչ միայն վերսկսման, այլ նաև ընդհանուր առմամբ հանգուցալուծման առումով լավատեսություն ունենալ չի կարելի:
Հասկանալով, որ գործընթացը սպանվում է, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը կամք ունի խնդիրը լուծել, մինչդեռ Հայաստանը չունի: Սա պետք է Ադրբեջանին բանակցային գործընթացը հերթական անգամ ոչնչացնելու և դրանով իսկ իր նոր ռազմական արկածախնդրությունը արդարացնելու համար: Ադրբեջանն ուզում է պատրանք ստեղծել, որ ինքը գնացել է բանակցությունների, մինչդեռ հայկական կողմը չի համաձայնել, ուստի հարցը լուծելու միակ միջոցը մնում է պատերազմը, հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք բանակցային գործընթացի այսպիսի տխրահռչակ վախճանին: Հույսերը շատ քիչ են, որ նման ֆորմատում որևէ ձեռքբերում կարող է լինել, որին Լեռնային Ղարաբաղը կհամաձայնվի, ուստի պետք է պատրաստ լինենք ռիսկերի աստիճանական ավելացմանը: Որևէ բեկում արձանագրելու, համաձայնություն ձեռքբերելու առումով ռիսկերը շատ մեծ են: