06/09/2016 18:20
Կարող ենք շատ խիստ լինել ու ոչ մի ֆիլմ չներկայացնել՝ ասելով, որ նման կարգի ֆիլմ չունենք, բայց... Հարություն Խաչատրյանը՝ «Օսկար 2017»-ին Հայաստանի մասնակցության մասին
Վերջին շրջանում հայկական մշակութային միջավայրում ակտիվորեն քննարկվում էր հատկապես հայկական ֆիլմերի մասնակցությունը «Օսկար» ամերիկյան 89-րդ մրցանակաբաշխությանը: Հայտ ներկայացրած երեք ռեժիսորներն էին Ջիվան Ավետիսյանը՝ «Վերջին բնակիչը», Սարիկ Անդրեասյանը՝ «Երկրաշարժ» և Դավիթ Սաֆարյանը՝ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմերով:
Օրերս Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում քվեարկությամբ որոշվեց՝ «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:
«Մինչ այսօր ֆիլմերին վերաբերող բոլոր որոշումները փակ ու գաղտնի էին լինում, առաջին անգամ փորձեցինք բաց ու թափանցիկ քվեարկություն անցկացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ: Մեր երկրում բացության կարիք կա, «ծածկադմփոցները» պետք է մի քիչ քչացնել: Թեև սա շատերին շփոթության մեջ գցեց. ոմանք փորձեցին օրիգինալ երևալ, ոմանք՝ առավել խիստ… Ինչ վերաբերում է ֆիլմի ընտրությանը՝ միգուցե շատերի սրտով չէր, բայց սա է իրական պատկերը. ունենք այն, ինչ ունենք, սա մեծամասնության կարծիքն էր: Պետք է շնորհավորենք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ «Օսկարի»՝ երկրների հայտագրման ցուցակում մինչ այս Հայաստանի անունը բացակայել է:
«Պատճառը երևի այն է, որ ակադեմիան երբեք նորմալ չի գործել, չեն գրանցվել, կապ չեն պահել: Նախորդ անգամ Ակադեմիան փորձել է ներկայացնել Միքայել Պողոսյանի ֆիլմը, բայց կապերը նորից կտրվել էին… Այժմ մենք պետք է այս կապերը ամուր պահենք, չխզենք… Գիտեք, կարող ենք շատ խիստ լինել ու ոչ մի ֆիլմ չներկայացնել՝ ասելով, որ նման կարգի ֆիլմ չունենք: Բայց այդպես չի կարելի: Պետք է ամեն կերպ կապը պահպանել միջազգային բոլոր կինոակադեմիաների հետ», - ասաց նա:
Մեր զրուցակիցը նկատեց, որ հայ հասարակությունն առավել «շեղված» է դեպի «Օսկարը», այնինչ աշխարհում առավել կարևոր կինոմրցույթներ կան: «Օսկար» ստանալու մեծամիտ ու անհասկանալի ցանկություն կա: Հայկական ֆիլմերի տեսակը՝ պոետականությունը, տեխնիկան, բյուջեն՝ օսկարային չեն, բայց դե՝ ցանկությունը մեծ է: Այնինչ շատ մրցանակաբաշխություններ կան, որտեղ կարող ենք վերջինը չլինել, բայց այս դեպքում էլ հայտեր ներկայացնողներ չկան:
«Ի վերջո, Օսկարը, ցանկացած անվանակարգում, ամբողջ աշխարհին միայն մեկ ֆիլմ է տալիս, ինչպե՞ս կարող ենք մենք մրցել աշխարհի լավագույն ֆիլմերի հետ: «Օսկարին» ներկայացված ֆիլմերը 4-5 միջազգային մրցանակներ են ունենում, քիչ թե շատ աշխարհին ծանոթ են լինում մինչ այդտեղ հասնելը, բայց մեր ֆիլմերը նման ճանապարհ չունեն անցած, դժբախտաբար՝ ճանաչված չեն: Միայն Դավիթ Սաֆարյանի ֆիլմն էր, որ «Ոսկե ծիրանում» երկու մրցանակ ստացավ, ու դա լավ ցուցանիշ է: Մյուս երկու ռեժիսորների ֆիլմերը միջազգային ասպարեզ դեռևս դուրս չեն եկել: Բայց դե կապը պետք է պաշտպանենք, դա կարևոր է: Եթե նույնիսկ բարձր մակարդակի ֆիլմ չունենանք, միևնույն է, ինչ-որ բան պետք է ներկայացնենք», - նշեց մեր զրուցակիցը:
Երկրորդ փուլում ընտրություն կատարողներից 9 հոգին դեմ էր բոլոր ֆիլմերին, 9-ը ձայն տվեցին «Երկրաշարժ» ֆիլմին, 7-ը՝ «Վերջին բնակիչին»:
Դիտարկմանը, որ մինչ այդ մամուլում տեղ գտած հրապարակումներից թվում էր, թե հաղթող ֆիլմ կդառնա Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ ռեժիսորը պատասխանեց.
«Մամուլում շատ բան կարող են գրել, բայց դա քիչ է… Ոչինչ չունեմ ասելու, լավ կլիներ, որ անցներ, ես այդ ֆիլմերից ոչ մեկին էլ դեմ չեմ: Ինքս իրավունք չունեմ տվյալ ֆիլմերից որևէ մեկը գովելու, չեմ էլ թողել, որ պրոպագանդեն: Ինձ համար կարևոր չէ, թե ինչ ֆիլմ է անցել, կարևոր է, որ Հայաստանը մտավ այդ ցուցակի մեջ, ու կապ ստեղծվեց»:
Մնում է սպասել՝ արդյոք փետրվար ամսին «Երկրաշարժ» ֆիլմը կհաղթահարի «Օսկար 2017»-ի նախընտրական փուլը: Հարություն Խաչատրյանի համոզմամբ՝ եթե ֆիլմն անցնի այդ փուլն ու մեծ ցուցակում հայտնվի, արդեն իսկ լավ է: