06/09/2016 12:36
Ինչքան դերասանի «փեշակից» չհասկացող փրչոտ, էժան աշխատուժ կա, հայտնվում է նույն հարթակում՝ պրոֆեսիոնալի կողքին. Վիգեն Թադևոսյան
Նախորդ տարի ամուսնացած դերասան-ամուսիններ Վիգեն Թադևոսյանի և Անի Վարդանյանի ընտանիքում շուտով համալրում կլինի: Aysor.am-ի հետ զրույցում ապագա հայրիկը տեղեկացրեց՝ առաջնեկն աղջիկ է լինելու, կծնվի մինչև սեպտեմբերի վերջ:
«Երբ իմացա, որ բալիկ ենք ունենալու՝ անսպասելի էր, զգացողությունս՝ անբացատրելի: Պարտավորվածությունն ու պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում: Հատկապես ես շատ էի ցանկանում աղջիկ ունենալ, բայց այնպես չի, որ կարևորություն եմ տալիս երախայի սեռին: Հայ ընտանիքներում պետք է շատ-շատ լինեն փոքրիկների լույս աշխարհ գալու մասին լուրեր», - նշեց դերասանը:
Ապագա ծնողները անվան հարցում կարևորություն են տվել վերջինիս բացատրությանն ու ծագմանը:
«Շատ էինք դժվարանում, մտածում՝ ինչ անուն ընտրել: Նախընտրած անուններ էլ ունեինք, բայց որոշեցինք մեր աղջկան տալ Յանա անունը, որը նշանակում է Աստծո ողորմածություն: Մեկ այլ տարբերակով էլ այս անունն առաջացել է Յանուս՝ արևի, լույսի ու ջերմության աստվածության անունից», - բացատրեց Վ.Թադևոսյանը:
Դերասանը ժպիտով խոստովանեց՝ իր բախտը բերել է, քանի որ ի տարբերություն շատ հղիների՝ Անին կամակոր ու պահանջկոտ չէ.
«Անիի հարցում բախտս բերել է բոլոր առումներով, այդ թվում և հղիության: Մինչև 6-րդ ամիսը՝ մեր փոքրիկը բեմում է եղել: Այսօր էլ, Փառք Աստծո, իրեն շատ թեթև է զգում, ամեն ինչ լավ է»:
Ամուսինները փոքրիկ Յանայի համար գնումներ կատարել սկսել են դեռ վաղուց: Թեև, այդ կարևոր պարտականությունն ու առաքելությունը բաժին է հասել հենց մայրիկին:
«Կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիք պետք է նախապես պատրաստվի երեխայի լույս աշխարհ գալուն: Փոքրիկի համար գնումներ արել ու շարունակում ենք անել: Այդ հաճելի ու չափազանց կարևոր գործով հիմնականում Անին է զբաղվում», - ասաց նա:
Անդրադառնալով ստեղծագործական կյանքին և մանրամասնելով, թե ինչո՞ւ այլևս հազվադեպ է էկրաններին երևում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Պատրաստվում ենք նոր թատերաշրջանին, փորձեր ու նախապատրաստական աշխատանքներ ենք անում: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների առաջարկներին, այսպես ասած՝ սերիալ ասվածին՝ «թքած» ունեմ: Ինչքան դերասանի «փեշակից» չհասկացող փրչոտ, էժան աշխատուժ կա, հայտնվում է նույն հարթակում՝ պրոֆեսիոնալի կողքին: Դիլետանտ ու ոչ պրոֆեսիոնալ են կազմակերպիչներն ու կազմակերպված քասթինգները, անորակ են սցենարներն ու նկարահանման պրոցեսները»:
Aysor.am-ի հետ զրույցի վերջում Վիգեն Թադևոսյանը կոչ-մաղթանքով հանդես եկավ:
«Ուզում եմ, որ մեր անօրենք երկրում լավ ապրենք, մարդիկ մասնագիտական զբաղվածություն ունենան, յուրաքանչյուրն իր գործով զբաղվի ու դրանից հաճույք ստանա: Օդանավակայան էլ գնանք միայն հանգստի մեկնելու համար», - ընդգծեց նա: