06/09/2016 10:56
Լուիզա Ղամբարյանը, Աշոտ Ղազարյանը, Անի Քրիստին և այլք՝ Հանրային հեռուստատեսության 60-րդ եթերաշրջանում. լուսանկարներ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը սեպտեմբերի 12-ին կմեկնարկի հոբելյանական 60-րդ եթերաշրջանը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի և նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով:
Հայրենասիրական հաղորդումներ
Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարևորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` Առաջին ալիքը Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ կներկայացնի «Իմ բանակը» հաղորդաշարը: Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:
Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում ևս իր «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակում կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել և բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի և հաղթողների մասին:
Հասարակական-քաղաքական հաղորդումներ
«Կյանքը ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական և մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:
Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ»-ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել «Մատենադարան. ձեռագրերի գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետևում ուշագրավ պատմություններ և դեռևս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը: «Համի որակ»-ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահա սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:
Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:
Համեղ, օգտակար, յուրօրինակ և չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնի Սարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով «Պատրաստենք միասին» ծրագրի շրջանակում:
Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանի ուշադրության կենտրոնում կշարունակեն լինել երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձևաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր և մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաև սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:
Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին և ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երևանաբնակ հայտնիները:
Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական և վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը և ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինեն Գևորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ»-ի և Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» առանցքում:
Ժամանցային հաղորդումներ
Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից արտիստներին հնարավորություն կտա մոտենալու իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին և ապացուցելու, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի և Եսայի Ալթունյանի հետ որոշելու, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:
Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի «Եվրատեսիլ-2017»-ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ» նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտել: Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական և միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան:
Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը և երգչուհի Անի Քրիստին:
Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով և կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր և ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը և անմնացորդ նվիրումը հանուն այդ երգի: Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաև հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրի շրջանակում:
Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտելու հայկական հեռուստաեթերի երկարակյաց և սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:
Մանուկների և պատանիների համար
Նոր եթերաշրջանում ևս Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար նոր անակնկալներ կան պատրաստված: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների և դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական և ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:
«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է և չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կփորձի ծանոթանալ բոլոր մասնագիտություների գաղտնիքներին ինչպես նաև օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարևոր հարցում:
«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին, սեփական օրինակով փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետևել, թե ինչ հետաքրքիր համադրություններ և փորձարկումներ է կարելի անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:
«Ինչուների մոլորակ»-ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ»-ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը և Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ- 2015»-ի ընթացքում: Հաղորդման շրջանակում մի շարք նոր խորագրեր են ավելացել, որոնց շրջանակում Լևոն Հարությունյանը (Իմաստունը), ով մի փոքր փնթփնթան է և շատ սիրում է հետաքրքրասեր և խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահա Աղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:
Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետևել «Հայ ասպետ»-ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:
Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաև ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մոլտֆիլմերը՝ իհարկե հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու ՛՛Universal studios՛՛, ՛՛Paramount Pictures՛՛, ՛՛Walt Disney՛՛, ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛, ՛՛Warner Bros՛՛ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր և լավագույն ֆիլմերը:
Զուգահեռաբար կարևորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:
Սոցիալական
Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին և Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձևաչափում: Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որևէ խնդիր, դատավճիռ կամ անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:
Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները և հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռևս վերլուծվելու կարիք ունեն, հետքից գնալու անհրաժեշտություն:
«Հայն ու Հայաստանը» ծրագրի շրջանակում Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու և աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:
Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում և ինչ խնդիրների առջև է նա կանգնած, ինչպիսի առօրյա և հետաքրքրություններ ունի կշարունակի ներկայացնել Ռաֆայել հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:
Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:
Մարզական հաղորդումներ
Առաջին ալիքը նոր եթերաշրջանում ևս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի «Խաղից դուրս» և Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:
Բացի այդ յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ»-ի մասին, ումով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել և հիացրել են բոլորին:
Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կշարունակի տրվել «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր և ճանաչողական խորագրերով: Այլ անակնկալների և նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով: