07/09/2016 16:20
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանով
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամներին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:
«Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է», - ասել է Է.Շարմազանովը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:
Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան: