07/09/2016 18:06
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվել է ցուցահանդես:
ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, 12 ցուցապաստառներում ներկայացված է Նանսեն-Հայաստան մարդասիրական ու բարեկամական ամուր կապը: Լուսանկարները, որոնցում տեղ է գտել նաև Նանսենի 1925 թվականին Երևան կատարած այցը, Հայաստանի Ազգային արխիվի պահոցից են: Ներկայացված տեղեկատվությունը մատուցված է նաև անգլերենով:
Թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խոսքով նպատակը նանսենյան անձնագրերով 20-րդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 320 հազար հայերի փրկած գործչի՝ Նանսենի հայանպաստ գործունեությունը նաև մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացնելն է:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը: