10/09/2016 14:55
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ:
ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձեւավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ:
Այնուհետեւ քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: