10/09/2016 12:48
Նաիրա Նիազյանը՝ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի վրձնի հերոսուհի
Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի Զուրաբ Ծերեթելիի պատկերասրահում բացվեց Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ հայազգի Յուրի Սուրենի Գրիգորյանի և նրա որդու՝ Յուրի Գրիգորյանի ՝ «Երկխոսություն որդու հետ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Յուրի Գրիգորյանն, ով օրեր առաջ նշեց իր ծննդյան 70-ամյակը, գեղարվեստի պատմության մեջ թողած բարձր մշակութային ավանդի համար Ռուսաստանի հայ համայնքի և Մոսկվայի նկարիչների միության կողմից ցուցահանդեսին արժանացավ պատվոգրերի և շքանշանների: Ներկա էին նաև մշակութային և քաղաքական գործիչներ, Գրիգորյանների արվեստի հետևորդներ:
Ի դեպ, նկարիչը ծնունդով Արցախից է, և իր աշխատանքների ճնշող մեծամասնությունն արցախյան ջերմ արևոտ կոլորիտի վերծանում են կտավների վրա: Մեծ թիվ են կազմում նաև դիմանկարները, որոնցում արտացոլվում է հայ կնոջ, այդ թվում` նկարչի մոր, կնոջ, դստեր և մյուսների կերպարները: Ինչպես ինքն է նշում՝ հետաքրքիր, խոսուն դիմագծերով կանայք:
Այս դիմանկարների շարքում իր ուրույն տեղն ունի նաև Ռուսաստանում անցկացվող «Arm fashion day» նախագծի ղեկավար մոսկվայաբնակ Նաիրա Նիազյանը: Հայուհին ցուցահանդեսի բացմանը ներկայացել էր մտերիմ ընկեր, Մոսկվայի «Հայկական թանգարանի» գեղարվետական տնօրեն Տիգրան Հարությունյանի ուղեկցությամբ:
«Ես և Յուրի Գրիգորյանը ծանոթացել ենք բոլորովին վերջերս՝ մեր ազգի համար դժվար` արցախյան 4-օրյա պատերազմի օրերին: Այդ ընթացքում սփյուռքահայությունը միահամուռ ուժերով փորձում էր աջակցել սահմանին կանգնած մեր զինվորներին: Հերթական բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որին մասնակցում էին նաև Գրիգորյանները, ես օգնում էի կազմակերպչական աշխատանքներում: Երեկոյի ավարտին պարոն Գրիգորյանն ինձ դիմեց նկարելու առաջարկով՝ դա բացատրելով իմ հետաքրքիր, հայուհուն բնորոշ դիմագծերով և հայանպաստ հասարակական գործունեություն ծավալելու փաստով: Իհարկե, հպարտ ու ոգևորված էի, ինձ նկարելու էր վաստակավոր Յուրի Գրիգորյանի վրձինը», - Aysor.am –ի հետ զրույցում ոգևորությամբ մանրամասնեց Նաիրա Նիազյանը:
Առաջարկից հետո որոշեց՝ պետք է ներկայանա իսկական հայուհու կերպարով, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաև մեծ հյուսքը: Նկարչի կողմից էլ դա խրախուսվեց:
«Նկարելու երկու օրերի ընթացքում ես բացահայտեցի մեծ հային՝անմոռաց նվիրված սիրելի Արցախին և իր չքնաղ ընտանիքին: Ժամանակ առ ժամանակ պարոն Գրիգորյանն ինձ սոցկայքով ուղարկում էր դիմանկարն՝ ավելի ու ավելի մշակված: Ես «գոռոզացած» սպասում էի այն հրատարակելուն և այդ մասին բոլորին հայտնելուն, իսկ նկարիչն ասում էր, որ ավարտուն չի նկարը: Հենց այդ ժամանակ հիշում էի, որ մեր զյույցների ընթացքում հայտնել էր միտք, որ կարելի է կտավի վրա աշխատել երկար տարիներ՝ ավելի ու ավելի կատարելագործելով, տրամադրության նոր երանգներ հայտնելով դրան: Ու դա տխրեցնում էր ինձ», -ժպիտով խոստովանեց մեր զրուցակիցը:
Սակայն մտավախությունը զուր էր, երիտասարդ հայրենակցուհուն առավել մեծ անակնկալ էր սպասվում:
«Օգոստոսի 26-ին Յուրի Սուրենիչից ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու հրավեր ստացա, որտեղ նշված էր նաև, որ ինձ հաճելի անակնալ է սպասվում: Հասկացա, հպարտացա. դե միայն պատկերացրեք՝ իմ դիմանկարը Մոսկվայի կենտրոնում, ամենաշքեղ պատկերասրահներից մեկի՝ Զուրաբ Ծերեթելիի ցուցասրահի պատերից մեկին իր տեղն է գտնելու… Ցուցահանդեսին հպարտությունս փոխվեց զարմանքի, երբ երկու սրահներ անցնելուց հետո չգտա դիմանկարը, մանավանդ, որ իմ ծանոթ հյուրերին ևս հասցրել էի հայտնել, որ իմ դիմանկարը ևս տեղ է գտել այս ցուցահանդեսին: Անցնելով երրորդ սենյակ՝ բացահայտեցի գեղեցկագույն կանանց դիմանկարների շարքում իր արժանի տեղը գտած իմ դիմանկարը: Դա այն չէր, ինչ ես սպասում էի. իմ՝ հայուհու հյուսքով կերպարով դիմանկարի փոխարեն ես գտա ինձ՝ վառ արևի գույների մեջ՝լեդիի գլխարկով: Հիացմունքս, զարմանքս, հպարտությունս ու համեստությունս դարձան մի. ես պատկերված էի իմ իդեալական կերպարով՝ լեդի Նաիրա», -ժպիտով ու հիացմունքով պատմեց Ն. Նիազյանը:
Հարցին, թե արդյոք իր դիմանկարը ենթակա է վաճառքի և այդ դեպքում չի՞ ցանկանում անձամբ ձեռք բերել այն՝ «Arm fashion day»-ի ղեկավաը պատասխանեց.
«Այս նկարը չի վաճառվում, իսկ հյուսքով նկարը, որը դեռևս ավարտուն չէ, հեղինակն ինձ է նվիրելու»: