12/09/2016 14:07
ՆԱՏՕ-ին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելն անթույլատրելի է. Արտակ Զաքարյան
Հայաստանի Հանրապետությունը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը, այսօր Երևանում անցակացվող «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» կոնֆերանսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Մենք գնահատում ենք ԼՂ հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումն ու մեզ համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերն արհեստական կերպով խնդրի քննարկման հարթակ դարձնելու փորձերը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը: Դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը», - ասաց Արտակ Զաքարյանը:
Նա ընդգծց, որ ՀՀ-ն իր անվտանգային միջավայրի պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականոթյան ձևաչափ:
«Լինելով ՀԱՊԿ լիիրավ անդամ, ՀՀ-ն խթանում է նաև ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ կարևորելով անդամ պետությունների հետ նաև երկկողմ ձևաչափերը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում մեր գործողությունները մշտապես պայմանավորված են եղել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությամբ և գործնական փոխգործակցությամբ: Եվրոպական միության և Եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է», - ասաց Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը: