12/09/2016 10:50
Ուորլիք. Կան կարգավորման առանձին պայմաններ, մինչդեռ պակասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանձին պայմաններ կան, մինչդեռ չկա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը, որը թույլ կտա առաջ շարժվել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք այդ պայմանները քննարկել ենք Ս.Լավրովի հետ և խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք կառուցել մեր աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ցանկանում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված հետագա բոլոր քայլերը կյանքի կոչված տեսնել:
«Ահա թե ինչի վրա էինք մենք աշխատում: Այս գագաթաժողովների ժամանակ առաջացան հակամարտության կարգավորմանն ուղղված բազմաթիվ պայմաններ: Օրինակ, Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելության ընդլայնում: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել այս պայմանավորվածության զարգացումը: Կան նաև այլ ասպեկտներ, որոնք մենք կցանկանայինք տեսնել, ինչպես նաև սպասվելիք գագաթաժողովները, որտեղ կարող են իրականացվել նախագահների հանդիպումները», - նշել է ամերիկացի դիվանագետը: