12/09/2016 11:24
Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով
«Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով:
Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:
Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել Նյու Յորքում: Ճանաչված գործիչը տարբեր առիթներով իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայկական երաժշտության նկատմամբ: Մեր երկրին և հայոց պատմությանը ծանոթացել է հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի միջոցով: Հայ երգահանի հետ համագործակցությունը տվել է յուրահատուկ պտուղներ. 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը`դառնալով Դեքերյան:
«Երբ համագործակցում էի Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է», - մի առիթով ասել է Դեքերյանը:
2005 թվականին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ Նույն թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Դեքերյանի համերգը:
ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունեցող երգիչն իր սիրելի ժողովրդի կողքին է նաև դժվարին պահերին: Ապրիլյան օրերին ամերիկացի երաժիշտը մեր երկրում էր` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով: «Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- այս տարի Հայաստանում նշել է Դեքերյանը` վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:
Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ժողովրդական երգի վառ ներկայացուցիչ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, երիտասարդ երգչուհի, «The Band» խմբի համահիմնադիր Կարինա Առուստամյանը: