12/09/2016 17:05
Հայ ազգին զինվորներ են պետք, բայց նաև՝ քույրեր, հարսներ ու մայրեր. դերասան Կարեն Հովհաննիսյանը դուստր է ունեցել
Դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքում օրեր առաջ հնչեց այնքան սպասված դստրիկի առաջին ճիչը: Երկու որդիների հայրն այսօր իր ամենանվիրական երազանքն իրականացած է համարում:
«Երկու որդի ունենք՝ 10 տարեկան Նարեկն ու 7 տարեկան Հայկը: Դստրիկիս ծնունդին շատ էինք սպասում, ու նա լույս աշխարհ եկավ սեպտեմբերի 3-ին՝ Արմենիա բժշկական կենտրոնում: Այժմ կինս և փոքրիկս տանն են, երկուսն էլ իրենց հրաշալի են զգում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանը:
Երջանիկ ծնողներն աղջնակին անվանել են Էվա (կյանք), քանի որ իրենց իսկ բնորոշմամբ, նոր կյանք սկսվեց իրենց տանը:
«Մի պահ պատկերացրեք, որ տիեզերքում մի շատ լուսավոր աստղ է ծնվում… Զգացողություններ կան, որ խոսքերով չես կարող նկարագրել: Դա պետք է ապրել, ինչպես երկունքի ցավեր: Ամեն մի ծնունդ մի մեծ ու անսահման ուրախություն է, ու ես երեք անգամ այդպիսի ուրախություն եմ ապրել: Հայ ազգին զինվորներ են պետք, բայց նաև՝ քույրեր, հարսներ ու մայրեր», - նկատեց նա:
Ի դեպ, եղբայրները քույրիկին տանը դիմավորեցին իրենց իսկ փչած փուչիկներով ու փափուկ խաղալիքներով: Հարցին, թե արդյոք ծնողները մինչ փոքրիկի ծնվելն ամեն ինչ գնել էին նրա համար՝ պատասխանեց.
«Փառք Աստծո, այդ պահի համար անհրաժեշտ պետքական ամեն ինչ կար: Ճիշտն ասած՝ մի քանի օրվա մեջ չես կարող զավակիդ տալ այն ամենն, ինչ կցանկանայիր, որ նա ամբողջ կյանքում ունենար»:
Մի շարք սերիալներից ու գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասանն այս օրերին էլ նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության «Հատուկ բաժին» նախագծում:
«Շնորհակալ եմ գործըներներիս, որ ինձ հասկացան ու աջակցեցին այդ օրերին: Ասեմ, որ այժմ էլ առաջարկ ունեմ՝ նկարահանվելու նոր գեղարվեստական ֆիլմում ու նոր սերիալում: Բայց մանրամասնել չեմ կարող», - եզրափակեց մեր զրուցակիցը:
Aysor.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Էվային: