13/09/2016 11:50
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Մատաղիսում, Մատաղիսի ջրամբարի տարածքում և Ալաշանում
Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այդ աշխատանքի շրջանակներում երկու պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ:
«Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ: Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
Արցախի և Հայաստանի պաշտպաններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետևանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ:
«Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին», -հայտնում են օմբուդսմենի գրասենյակից: