13/09/2016 15:10
Հագուստը մեր հոգեվիճակն է ընդգծում, հուշում է՝ ինչ ենք մտածում, ինչ խնդիրներ ունենք. Արաքսյա Վիտա
Նորաձևության տենդենցներն այսօր աշխարհում ամեն օր են փոխվում և այդ ամենից, անկասկած, ետ չեն մնում նաև հայ մոդելավորողները, ովքեր իրենց մասին բարձրաձայնում են ոչ միայն հայրենիքում, այլև նորաձևության համաշխարհային շուկայում:
Aysor.am-ի զրուցակիցը «Araksia Vita» նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Արաքսյա Վիտան է, նույն ինքը՝ Արաքսյա Ջավրշյանը, ով այսօր բավական մեծ ճանաչում ու պահանջարկ ունի մոսկովյան նորաձևության ոլորտում:
-Արաքսյա, եթե չեմ սխալվում՝ ծնունդով Աբովյանից եք, բայց ապրում և աշխատում եք Մոսկվայում: Ե՞րբ և ի՞նչը Ձեզ տարավ Ռուսաստանի մայրաքաղաք:
-Այո, ես ծնունդով Աբովյան քաղաքից եմ, այնտեղ եմ ծնվել ու մեծացել: Բայց արդեն շուրջ 10 տարի է՝ ապրում և աշխատում եմ Մոսկվայում: Ինձ այստեղ բերել է այն, ինչը հազարավոր հայ ընտանիքների է բերում. հայրս երկար տարիներ Մոսկվայում էր աշխատում, աշխատանքային հեռանկարներն էլ Հայաստանում շատ խավար էին: Ծնողներս բարդ որոշում կայացրեցին՝ ընտանիքով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:
-Որպես մոդելավորող՝ Ձեր ապագա՞ն էլ մեր երկրում նկատելի չէր, հնարավորությունները սահմանափա՞կ էին:
-Այդ բնագավառում հայաստանյան հնարավորությունների մասին խոսել չեմ կարող, նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել ինձ վրա: Չգիտեմ, թե ինչ մրցակցային դաշտ է ձևավորված, որևէ տեղեկություն, ցավոք սրտի, չունեմ: Չէ՞ որ ֆեյշն-ինդուստրիայի բնագավառում աշխատելու իմ որոշումը կայացրել ու կարիերաս սկսել եմ Մոսկվայում:
-Կարելի է ենթադրել, որ այդտեղ մրցակցային դաշտը բավական մեծ է:
-Իհարկե, շատ մեծ է, մեծ է նաև գայթակղությունը: Այս ոլորտում շատ ու շատ աղջիկներ ու տղաներ են երազում աշխատել: Բայց շատ բարդ է հաստատվելն ու քո մասին բարձրաձայնելը: Բայց եթե դու սիրում ես քո աշխատանքը, եթե այն, ինչով զբաղվում ես՝ ոգեշնչում է քեզ, ապա անպայման կհասնես քո երազած ու գծագրած բարձունքին, հնարավորություն կընձեռես հետևորդներիդ՝ դառնալ քո ստեղծագործությունների կրողը:
-Ձեր անունը՝ «Araksia Vita»-ն, արդեն բրենդ է դարձել: Գո՞հ եք Ձեր սպառողից:
-Այս աշխատանքը պահանջում է շատ մեծ ջանքեր, կամքի ուժ: Ես շատ գոհ եմ մեր սպառողից, այս աշխատանքի միջոցով կարողանում եմ շատ-շատ մարդկանց ճանաչել՝ անկախ սեռի ու դիրքի: Շատ հետաքրքիր տնային տնտեսուհիներ կան, ովքեր իմ մեջ բազում էմոցիաներ ու գաղափարներ են առաջացնում, ոգեշնչում են ինձ, ստիպում չհուսահատվել ու շարունակել ստեղծագործել: Նրանց ամեն մի խոսքը, թե ինչ երջանիկ են, այս կամ այն կարված զգեստը որքան է դուր եկել իրենց ամուսնուն և այլն՝ ինձ ստիպում է ավելի ու ավելի աշխատել: Շնորհակալ եմ իրենց:
-Բրենդն առավել շատ որտե՞ղ է հայտնի:
-Դեռևս Ռուսաստանում, բայց շատ կցանկանայի ճանաչված լինել նաև իմ հայրենիքում, ինչո՞ւ ոչ՝ Եվրոպայում, ամբողջ աշխարհում: Բայց դեռ երիտասարդ ենք, ու մեզ բազում տարիների աշխատանք է սպասում: Աստված մեզ օգնական, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի: Ժամանակը ցույց կտա:
-Նորաձևության աշխարհում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում, ի՞նչն է այսօր արդիական:
-Աշխարհը մեծ փոփոխությունների եզրին է կանգնած: Ամեն ինչ փոխվում է կյանքում: Մեր ներկայիս քաղաքական, տնտեսական վիճակը մարդկանց ստիպում է մտածել ու գործել այլ կերպ: Ֆեյշն-ինդուստրիան ևս բացառություն չէ, նորաձևությունը ևս փոփոխություններ է կրում: Նորաձևություն հասկացողությունն է փոխվում, նրա նկատմամբ վերաբերմունքն է փոխվում: Եթե նախկինում շատ ընդունված էր կրել շատ թանկագին, բրենդային հագուստներ, որպեսզի նորաձև լինեն, ապա հիմա դա խնդիր չէ: Շատ-շատերն ուղղակի սովորական խանութներից են գնումներ կատարում, փոխարինում են թանկարժեք բրենդներն առավել մատչելիների հետ: Անցել է բրենդներից կախվածություն ունենալու մոլուցքը, ու դա ինձ ուրախացնում է: Ես դա անվանում էի «Բրենդամանիա» (ժպտում է): Բայց ինձ նաև այլ բան է ուրախացնում. մարդիկ սկսել են մտածել իրենց անհատականության մասին, ուզում են տարբեր լինել, չնմանվել բոլորին: Պատվերներ են լինում, որոնք հստակորեն մատնանշում են պատվիրատուի տեսակը, անհատականությունը, ինչպե՞ս են նրանք տեսնում ու հասկանում այս կյանքը: Չէ՞ որ հագուստը մեր հոգեվիճակն է ընդգծում, հուշում է՝ ի՞նչ ենք մտածում, խորհում, ի՞նչ խնդիրներ ունենք… Իսկ ինչ վերաբերում է տենդենցներին, ապա հիմա նորաձև է ամեն ինչ, նույնիսկ համադրելին անհամադրելիի հետ: Այսպես ասեմ՝ հասանելի ճոխությունը նորաձև է: Օրինակ այստեղ՝ Մոսկվայում, մոդելավորողները շատ լավ կտորներից, ժամանակակից, նորաձև հագուստ են կարում, մեկտեղ՝ գներն այնպիսի սահմաններում պահում, որ հասանելի լինի մարդկանց գրպանին:
-Հայ մոդելների, նաև՝ մոդելավորողների հետ համագործակցո՞ւմ եք:
-Ոչ, դեռ նման բախտ չեմ ունեցել, բայց հուսով եմ՝ կգա այն օրը, երբ կկարողանանք հետաքրքիր մտքեր իրականացնել:
-Իսկ համաշխարհայի՞ն:
-Ներկա պահին ունենք երկու շատ հետաքրքիր նախագծեր հայտնի նորաձևության տների հետ, բայց դեռևս չեմ կարող փակագծերը բացել: Կարծում եմ, առաջիկայում կխոսենք այդ մասին:
-Տարածված է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն օգտվում են հայտնի մոդելավորողների ծառայություններից, նրանց ստեղծած բրենդներից…
-Չնայած, մեր բրենդն ընդամենը մեկ տարուց մի քիչ ավել է, որ կա, բայց ես շատ ուրախ եմ, որ արդեն իսկ համագործակցում ենք շոու-բիզնեսի և էլիտայի շատ ներկայացուցիչների հետ, մարդիկ, ովքեր մեծ բարձունքների են հասել: Սիրով կնշեմ Լիլիթ Հարությունյանին, ով «Голос россии» նախագծի և շատ այլ միջազգային նախագծերի մասնակից է, ռոք մշակույթի ներկայացուցիչ Գալինա Բոսայային, Օկսաննա Կազակովային, Գայանե Բրեիովային, Մայքլ Նայթին, Եսայի Սիմիկյանին… Ես շատ ուրախ եմ համագործակցության նման հնարավորության համար, հուսով եմ՝ կլինեն նոր անուններ, համագործակցություններ:
-Արաքսյա, նկատել եք, ովքե՞ր են առավել շատ հետևում նորաձևության ճիչերին, ո՞ր տարիքի և ո՞ր սեռի մարդիկ:
-18-ից 45, 50 տարեկան մարդիկ: Եթե նախկինում ավելի շատ կանայք էին միտված հետևել նորաձևության տենդենցներին, ապա վերջին տարիներին այդ հարցում առաջադեմ են նաև տղամարդիկ: Գիտեք, կարևորն այն չէ, որ հետևեն մոդայի բոլոր ճիչերին, այլ այն, որ յուրաքանչյուրն ունենա իր անհատական ոճը: Այժմ շատ են ուշադրություն դարձնում նաև այն բանին, թե մարդն ի՞նչ պահվածք ունի, ինչպե՞ս է խոսում, շփվում, ի՞նչ հայացքներ ու նպատակներ ունի: Բոլորին ցանկանում եմ՝ լինել ոչ թե նորաձև, այլ՝ ոճային, ունենալ սեփական «ես»-ը:
-Հայ երիտասարդներին կարո՞ղ ենք նորաձև համարել:
-Հայ ազգը հին ու այնքան հետաքրքիր ազգ է, որ սերը գեղեցկության նկատմամբ մեր գեների մեջ է ամրագրված: Իհարկե, ես կարող եմ նրանց համարել շատ ոճային ու նորաձև: Նորաձևության մասին մեր պատկերացումը տարբեր է, ու դա ինձ շատ հոգեհարազատ է: Գիտեք, նկատել եմ, Մոսկվայում շատ հայեր կան, որ կարող են լինել նորաձևության օրինակ ու ցուցանիշ շատ այլ ազգերի ներկայացուցիչների համար: Երբ ես հանդիպում եմ գեղեցիկ, ճաշակով, հետաքրքիր ու խելացի հայերի՝ հպարտանում եմ:
-Նախկինում նորաձևության կենտրոններն առավել շատ ցուցադրությունների համար էին, այսօր մարդիկ առօրյա հագուստների համար էլ օգտվում են այդ հաստատություններից: Ճաշա՞կն է բարձրացել, թե՞ հարստացել են:
-Բնականաբար, մարդկանց ճաշակը փոխվում է, չէ՞ որ ժամանակը, աշխարհն են փոխվում, նոր հնարավորություններ, հորիզոններ են բացվում: Սա չի նշանակում, որ մարդիկ շատ գումար են ծախսում, կարելի է նորաձև հագնվել առանց աստղաբաշխական թվերի: Դրա համար պարզապես պետք է հետևել ցուցադրություններին, նորաձևության մասին հաղոդումներին, շատ կարդալ, խորհրդակցել ոճաբանի հետ, ով խուրհուրդ կտա, թե որ գույների մեջ զգեստներ ընտրեք: Հիմա այս ինֆորմացիաները շատ հասանելի են, ուղղակի պետք է ճիշտ օգտվել ու կարողանալ գրագետ թաքցնել թերությունները:
-Ձեր կենտրոնից օգտվելը շա՞տ թանկ հաճույք է:
-Մեր հավաքածուի հիմնական մասը նախատեսված է միջին կարողության ու հնարավորության տեր մարդկանց համար: Բայց իհարկե, անհատական պատվերներ էլ ենք ունենում, որոնք մեծ գումարներ արժեն:
-Ի՞նչ կարծիքի եք հայաստանյան մոդելավորողների մասին:
-Շատ ուրախ եմ այն փաստի համար, որ Հայաստանում կան ուրույն ձեռագրով մոդելավորողներ: Կարևորը, որ նրանք միմյանցից տարբերվում են ու բոլորն էլ բարձր ճաշակ ունեն: Կարևորում եմ այն, որ ազգայինին վերաբերում են հարգանքով ու զգուշությամբ, զուգորդում են ավանդականն ու նորը: Առանց մեր արմատների մենք ապագա չունենք: Ցանկանում եմ մեծամեծ հաջողություններ, թող Փարիզի, Միլանի ու Նյու Յորքի «պոդյումները» նրանց ոտքերի տակ լինեն, ու մեր երկրի անունն ամենուր հնչի:
-Արաքսյա, զրույցի վերջում մի փոքր էլ անդրադառնանք Ձեր ընտանիքին: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:
-Սիրով: Ես հրաշալի ընտանիք՝ ծնողներ, եղբայր ու քույր ունեմ, որոնց համար անդադար աղոթում ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն: Շնորհակալ եմ նաև նրա համար, որ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, ունեմ լավ ընկերներ, սեր ու դաստիրակություն եմ ստացել իմ ընտանիքից: Իմ ամեն օրն ինքնատիպ է, մի նոր օր է ու նման չէ նախորդին: Հայրս շինարար է, մայրս ու քույրս՝ մանկավարժ, եղբայրս՝ տնտեսագետ: Կիրթ ու գրագետ, համեստ մարդիկ են (ժպտում է):
-Փաստորեն, արվեստի հետ շփում չունեն: Հեշտությա՞մբ ընդունեցին այս ճանապարհով գնալու Ձեր որոշումը:
-Երբ իրենց հայտնեցի, որ ցանկանում եմ այս բնագավառում ստեղծագործել, ինձ աջակցեցին: Մինչ այսօր էլ օգնում ու աջակցում են, խորհուրդներ տալիս: Իմ ընտանիքի անդամներն իմ լավագույն ընկերներն են: Մայրս իմ ընկերուհին է, ով ամեն հարցով կողքիս է: Նրանից շատ բան է կախված, նա մայրաբար օգնում է բոլորիս ու ոգևորում, ուղղություն ցույց տալիս: Ցանկանում եմ, որ միշտ առողջ լինեն: Ընդհանրապես, թող բոլորն առողջ լինեն: