13/09/2016 16:10
«Հարս». Իվետա Մուկուչյանի և DJ Սերժոյի համատեղ նոր աշխատանքը
Սիրված երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եւ DJ Սերժոն ներկայացնում են իրենց համատեղ նոր աշխատանքը. կայացավ «Հարս» երգի և տեսահոլովակի պրեմիերան:
«Հարս»-ը Իվետա Մուկուչյանի և DJ Սերժոյի՝ 2015 թ-ին հանրությանը ներկայացված «Արի յար» երգի երկար սպասված երկրորդ մասն է, տրամաբանական շարունակությունը: «Հարս»--ի համար որպես երաժշտական հիմնական մոտիվ ծառայել է «Բուլանըխի սիրերգ» ժողովրդական երգը:
Իվետա Մուկուչյանի խոսքով՝ նոր երգը պատրաստելու և հանրությանը ներկայացնելու գլխավոր շարժառիթը եղել է «Արի յար»-ի սիրված և պահանջված լինելու հանգամանքը, ինչպես նաև նախապես տրված խոստումը, որ այն պետք է իր շարունակությունն ունենա:
«Կարծում եմ արդեն շատերն են նկատել, որ ես և Սերժոն, բացի լավ ընկերներ լինելուց, նաև երաժշտական լավ թիմ ենք, սիրում ենք համատեղ աշխատել, նոր նախագծեր ներկայացնել: Այս երգը հենց այդպիսի համագործակցության արդյունք է», - նշում է Իվետա Մուկուչյանը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել ողջ գործընթացում ներգրավված թիմին՝ Լիլիթ և Լևոն Նավասարդյաններին, Վահան Ստեփանյանին, «Հավասի» աշուղական երիտասարդական անսամբլին (ղեկավար՝ Հովհաննես Հայրիկյան,) Գևորգ Կարապետյանին:
Երգչուհու խոսքով՝ երգի ընտրությունն ու հանրությանը ներկայացնելու մոտեցումը պատահական չի եղել:
«Ուզում եմ, որ մարդիկ լավ ծանոթ լինեն հայկական մշակութային գանձերին, պատմությանը, ժողովրդական երգերին, ազգային պարերին: Իսկ ես փորձում եմ այդ ամենը ներկայացնել նոր ու ժամանակակից մոտեցմամբ, ինձ հարազատ ձևով, իմ ձևով: Հուսով եմ, որ այն կսիրվի և լայն տարածում կգտնի»,- նշում է Իվետա Մուկուչյանը:
Երգի երաժշտական նոր տարբերակի հեղինակը DJ Սերժոն է, ում համար կարևոր է եղել, որ այն չլինի «Արի յար»-ի նույն տրամադրության մեջ:
«Թեև այս երգը նախորդի շարունակություն է, սակայն չէինք ուզում, որ այն իր թելադրած տրամադրությամբ նույնը լիներ: Ուզում էինք գտնել մի երգ, որին կմոտենայինք մեր ձևով: Վերջնական որոշումը կանգ առավ այս երգի վրա, որը ևս պարային է ու պոզիտիվ»,- նշում է DJ Սերժոն:
Տեսահոլովակի պատրաստման ընթացքում օգտագործվել են կադրեր «Հնավանդ թմբուկ» հայկական ֆիլմից, որտեղ ներկայացված են հատվածներ հայկական ավանդական հարսանեկան արարողությունից, տոնական երգ ու պար, տվյալ ժամանակաշրջանի հայկական կենցաղ: Տեսահոլովակի հեղինակ Վահան Ստեփանյանը ողջ ասելիքն ու ամբողջական գաղափարը փորձեց ամփոփել մեկ նախադասության մեջ.
«Այս տեսահոլովակը չէր լինի առանց այն մարդկանց, ովքեր պահպանեցին և մեզ փոխանցեցին հայկական դարավոր երգն ու պարը: Մենք խոնարհվում ենք նրանց առջև»: