15/09/2016 17:44
Ես և Նորան որոշեցինք մեր աղջնակին մայրիկիս անունով կոչել, իսկ տղային տվեցինք Նորայի զարմիկի անունը. Էրվին Ամիրյան
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Էրվին Ամիրյանի և Նորա Գրիգորյանի ընտանիքում այսօր միանգամից զույգ բալիկների ճիչ լսվեց: Փոքրիկները ծնվել են ընդամենը 1-2 ժամ առաջ՝ Մարգարյան հիվանդանոցում:
«Երեխաներս զույգեր են՝ տղա և աղջիկ: Ե՛վ մայրիկը, և՛ երեխաներն իրենց լավ են զգում, բժիշկն էլ ասաց, որ ամեն ինչ իր հունով է ընթանում», - Aysor.am-ի հետ զրույցում տտեղեկացրեց Էրվին Ամիրյանը:
Փոքրիկ Լիանան կրում է հորական տատիկի անունը, Կոնստանտինն էլ անունը ժառանգել է մայրիկի կողմից: «Ես և Նորան որոշեցինք մեր աղջնակին մայրիկիս անունով կոչել, իսկ տղային տվեցինք Նորայի զարմիկի անունը», - մանրամասնեց նա:
Նորաթուխ հայրիկը թեև զավակներին դեռ չի տեսել, բայց նկարներով արդեն ծանոթ է: «Ինձ նրանց նկարներն են ուղարկել, նաև՝ ձայներն եմ լսել: Անբացատրելի մի զգացողություն էր, որը բառերով նկարագրել չի լինի: Ուղղակի ապրել է պետք այս երջանկությունը»,-հուզմունքով խոստովանեց Էրվին Ամիրյանը:
Aysor.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկներին: