15/09/2016 12:26
Մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտություն կա. Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը:
«Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները: Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»,- ասաց Շ.Քոչարյանը լրագրողներին կառավարության նիստից հետո:
Նրա խոսքով, Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել:
«Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները», - նշեց Շ.Քոչարյանը:
Նա նաև ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր վերջին հարցազրույցում որևէ նոր բան չի ասել:
«Նա վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում», - նշեց Շ.Քոչարյանը: