15/09/2016 14:43
Էրոս Ռամազոտտիի չիրականացած համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը տեղի կունենա այսօր
«Ֆորպոստարտ» ընկերությունը հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում էր սեպտեմբերի 15-ին՝ իտալական Radiorama S.R.L.ընկերության հետ դատական վարույթից հետո: Սակայն, նշված դատական նիստը, որը պետք է կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը: «Глобальные коммуникации» ընկերությունը թեև հավաստիացրել էր, որ անկախ դատական վարույթի ժամկետներից և ընթացքից՝ իրենց կողմից հայտարարված օրը՝ սեպտեմբերի 15-ին, կկազմակերպի տոմսերի վերադարձի գործընթացը, այնուամենայնիվ, հրաժարվեց իր պարտավորությունների կատարումից:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Ֆորպոստարտ» ընկերությունը՝ իր կողմից իրականացվող այլ պրոյեկտներից ստացված շահույթի հաշվին, սեպտեմբերի 2-ից սկսել է Էրոս Ռամազոտտիի չեղարկված երևանյան համերգի տոմսերի վերադարձի գործընթացը՝ փուլային կարգով:
Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու սկզբունքով՝ տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, ըստ որի, յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակվում են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստին ստացված գրությունից: Արդյունքում, հերթեր չեն գոյանում, և մարդիկ նշանակված ժամին, առանց քաշքշուկի, վերադարձնում են իրենց տոմսերը և հետ ստանում գումարը:
Տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նույն ձևաչափով:
Տոմսերի վերադարձի հաջորդ փուլերի ժամկետների մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնեն վերջիններիս էլեկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով:
Տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին դիմում է ուղարկել [email protected] հասցեին և ստացել է պատասխան, որում նշված է իր գումարի վերադարձման օրն ու ժամը: