15/09/2016 16:03
Նկարիչ Մհեր Շահինյանը ՀՀ Փաստաբանների պալատին «իմպուլս» հաղորդող կտավ է նվիրել
Նկարիչների միության պատվավոր անդամ Մհեր Շահինյանը ՀՀ Փաստաբանների պալատին որպես շնորհակալություն կատարած աշխատանքի համար նվիրեց իր անձնական հավաքածուից «Ֆուգա» անվամբ կտավը:
«Ես՝ որպես արվեստի մի փոքր մարդ, իմ անձնական փայփայած հավաքածուից ցանկություն հայտնեցի նվիրել Փաստաբանների պալատին այս կտավը՝ որպես շնորհակալություն իրենց կատարած աշխատանքի համար», - նշեց Մ.Շահինյանը:
Նկարչի խոսքով՝ նկարը, որը կոչվում է «Ֆուգա» և թարգմանաբար լատիներենից նշանակում է «վազք, իմպուլս», նոր ազդակ կլինի փաստաբաններին՝ ավելի լավ աշխատելու համար:
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ կարևորում է փաստաբանություն և արվեստ հարաբերակցությունը, իսկ խորհրդի նիստերի դահլիճում արդեն իսկ տեղ գտած կտավը իսկապես «իմպուլս կտա փաստաբաններին»:
«Արվեստը դա իրականության գեղագիտորեն արտահայտման տեսակներից մեկն է: Փաստաբանություն և արվեստ հարաբերակցությունը շատ կարևոր է մեզ համար: Հուսով եմ՝ հենց այս սենյակում, որը հանդիսանում է խորհրդի նիստերի դահլիճ, այս նկարը լավ տրամադրություն կպարգևի և ձեր նշած վազք, իմպուլսը կտա մեզ», - ասաց Արա Զոհրաբյանը:
Մհեր Շահինյանը Նկարիչների միության պատվավոր անդամ է, ունի մոտ 200 նկար: Սկսել է նկարել 40 տարեկանից: