16/09/2016 14:56
450.000 դոլար ԱՄՆ պետքարտուղարությունից՝ Մեղրիի Սբ. Սարգիս եկեղեցու վերակառուցման համար
ՀՀ մշակույթի նախարարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև այսօր ստորագրվեց «Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս /Սբ. Հովհաննես/ եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը:
ԱՄՆ դեսպանի մշակութային աժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվեն Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից տարածքի ջրամեկուսացման , որմնանկարների և ծածկասալերի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:
«Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր պատմությունը, մեր մարդկային պատմությունը: Հասկանլով ու հարգանք դրսևորելով պատմության նկատմամաբ՝ մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը ու կերտում ենք ընդհաուր ապագան»,- նշեց դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով՝ իր նրբագեղ որմնանկարներով Սուրբ Սարգիս եկեղեցին մշակութային գանձարանի անզուգական արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի համար:
«Միացյալ Նահանգների կառավարությունը կարևորում է այս և այլ մշակությաին հուշարձանների ու արժեքների պահպանությունը Հայաստանում, մի երկրի, որ հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ»,- ընդգծեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշեց, որ սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է:
«Գումարները, որոնք տրվում են մեր կողմից, այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ողջ մարդկության համար: ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է 450.000 ԱՄՆ դոլար՝ պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար»,- նշեց դեսպան Միլսը:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին այս գաղափարն իրականացնելու համար:
«Մենք այս տարի չէինք սպասում նման օժանդակություն հիմնադրամից, օժանդակությունը տրվեց և այստեղ պետք է կարևորել հենց Մեղրի քաղաքը, որովհետև այն մեր հարավային դարպասն է, հիանալի պատմամշակութային միջուկ ունի»,- ասաց նա: