16/09/2016 18:07
Հռոմում տեղի ունեցավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը
Սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վերնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին՝ իր գոհունակությունը հայտնելով ինստիտուտի և դեսպանության միջև հաստատված արդյունավետ համագործակցության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ համատեղ միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ:
Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ոչ միայն մի ողջ ժողովրդի ողբերգության, այլև նրա վերածնունդի, մեծ ներուժի ու ձեռքբերումների պատմությունն է: Ցեղասպանությունից փրկված հայերն ու նրանց սերունդները կարողացան հաղթահարել դժվարություններն ու ինտեգրվել հաստատման երկրների հասարակություններում` դառնալով դրանց լիարժեք անդամը և իրենց նպաստը բերելով այդ երկրների զարգացմանը:
Ելույթներ ունեցան նաև գրքի թարգմանիչ, լրագրող Լետիցիա Լեոնարդին և ռեժիսոր Սաթենիկ Գուջիուգյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կադրեր «Մայրիկ» ֆիլմից, ընթերցվեցին հատվածներ գրքից:
Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: