17/09/2016 11:51
Մեկնարկում է «Գրական տապան 2016» փառատոնը
Գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին:
Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:
Փառատոնն իր առջև նպատակ է դրել սերտացնել հայ և արտասահմանյան գրողների միջև համագործակցությունը, ինչպես նաև ծանոթացնել ընթերցողներին ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին: «Գրական տապան»-ը նաև գրականության մեջ առկա խնդիրների վերհանման յուրատեսակ հարթակ է:
Հայաստան ժամանած գրողները, ծանոթանալով մեր երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին և այցելելով տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, ոչ միայն կբացահայտեն Հայաստանը, այլև իրենց տպավորությունները կհանձնեն թղթին: Յուրաքանչյուր տարի հրատարակվում է «Գրական տապան»-ի մասնակից գրողների` փառատոնի և Հայաստան այցի մասին տպավորությունները ներկայացնող ստեղծագործությունների երկլեզու (հայերեն և բնօրինակ) ժողովածուն:
«Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո անցկացվող «Գրական տապան 2016»-ին կմասնակցեն գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա), ինչպես նաև բազմաթիվ հայ գրողներ:
8-րդ «Գրական տապան»-ի ընթացքում նախատեսվում է կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում հրատարակված գրքերի շնորհանդես՝ լեհ բանաստեղծների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը: