19/09/2016 13:40
Արգենտինական ֆիլմերի 5-րդ փառատոնը՝ սեպտեմբերի 19-24-ը
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացնի արգենտինական ֆիլմերի 5-րդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների աշխատանքները: Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով ու հայերեն և անգլերեն ենթագրերով:
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ժամը 20:00-ին էկրաններին կլինի ռեժիսոր Էրնան Գոլդֆրիդի՝ 2009 թվականին նկարահանած «Սպասազանգ» կինոկատակերգությունը՝ Նատալիա Օրեիրոյի, Դիեգո Պերետտիի և Նորմա Ալեանդրոյի մասնակցությամբ:
Սեպտեմբերի 21-ին նույն ժամին՝ ռեժիսոր Գուստավո Տառետտո «Կողմնապատկեր» կատակերգական դրաման, որի հերոսներն են Խավիեր Դրոլասը, Պիլար Լոպես դե Այալան և Ինես Էֆրոնը:
Սեպտեմբերի 22-ին ժամը 20:00-ին մեծ էկրանին կլինի ռեժիսորներ Մարիանո Կոնի և Գաստոն Դուպրատի համատեղ՝ «Հարևաններ» կատակերգական դրաման, որտեղ հանդես են գալիս Ռաֆայել Սպրեգելբուրդը, Դանիել Արաոսը և Էուխենիա Ալոնսոն:
Սեպտեմբերի 23-ին ժամը 20:00-ին ցուցադրվելու է ռեժիսոր Պաբլո Տրապերոյի «Տոհմը» դրաման՝ Գիլիերմո Ֆրանչելայի, Պետեր Լանսանիի և Լիլի Պոպովիչի դերակատարմամբ:
Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 24-ին էկրանին անիմացիոն ֆիլմ է լինելու: Լիլիանա Ռոմերոյի և Նորման Ռուիսի՝ «Արևադարձային անտառի հեքիաթներ»-ը նկարահանվել է 2010 թվականին: Տևողությունն է 76 րոպե: