20/09/2016 09:27
Կարեն Կարապետյանը ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ. նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա։
«Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ։ Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել։
Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում։ Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին։ Իզուր չէ, որ անցած շաբաթ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին»,- գրել է թերթը։