20/09/2016 09:46
Սերժ Սարգսյանն անձամբ կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու։ Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից՝ ի պատասխան նախօրեին մեր այն հրապարակմանը, ըստ որի Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը։
«Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձևական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից և ոչ մեկին պարտական լինել։
ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից «Ժողովուրդը» փորձեց մեկնաբանություն ստանալ՝ արդեն որոշե՞լ է՝ Սերժ Սարգսյանն անձա՞մբ է ղեկավարելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ՀՀԿ ընտրական շտաբը։ Ի պատասխան՝ նա ասաց. «Ժամանակը կգա, կուսակցությունը կորոշի, պետք չէ ժամանակից առաջ ընկնենք, մենք դեռ ՏԻՄ ընտրություններ ունենք, համագումար ունենք»։ Ճշտող հարցին, թե փաստորեն նման տարեբերակը քննարկվում է, Թադևոսյանը պատասխանեց. «Կորոշենք, մի անհանգստացեք, կորոշենք և Ձեզ կներկայացնենք»»: