20/09/2016 19:04
ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ առանձնահատուկ նշելով մեր այն հայրենակիցների մասին, ովքեր մշտապես անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ կարևոր նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմանը:
«Հենց մեր այդ ընկերների գործուն մասնակցությամբ է մեզ հաջողվել վերափոխել տնտեսության մի շարք կարևորագույն ոլորտներ, մասնավորապես, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, արտադրական ենթակառուցվածքները և այլն: Դրանք նախագծեր են, որոնք պահանջում էին հսկայական նյութական և ֆինանսական միջոցներ: Եվ այն, ինչ այսօր ունենք այդ ոլորտներում, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ և շենքային պայմաններով չեն զիջում նույնիսկ առաջատար երկրներին, դա նաև ձեր շնորհիվ է», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Արցախի նախագահը հատուկ մեծարել է նաև ԼՂՀ պետական պարգևների արժանացած, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկներին` նշելով, որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը և դրսևորել զինվորին վայել հայրենասիրություն, անձնվիրություն, համառություն ու տոկունություն:
«Բոլորս մեծ հուզմունքով էինք դիտում այն պահը, երբ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողության ժամանակ պատվո հարթակ բարձրացավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին: Դա հերոսական ու խորհրդանշական քայլ էր, որն ամբողջ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը միակամ է ու միասնական, որ մեր պայքարը և հաղթանակներն ընդհանուր են: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով, ձեր հաջողություններով ու հաղթանակներով», - նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: