21/09/2016 12:19
Հայաստանի Զինված ուժերը ցուցադրեցին «Իսկանդեր», «Սմերչ» և «ԲՈւԿ» համակարգերը
Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող տոնական զորահանդեսին ցուցադրվեց ՀՀ ԶՈւ ենթակայության տակ գտնվող զինտեխնիկան:
Ցուցադրությունը մեկնարկեց տեղական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերով: Այնուհետև հրապարակում ցուցադրվեցին ռադիոէլեկտրոնային պայքարի կայանները, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների, հակատանկային հրետանու զինտեխնիկան:
Հրապարակում ցուցադրվեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք ՀՀ ԶՈւ մարտական հերթապահության են անցել այս տարվանից: Նշենք, որ «Սմերչ» համակարգերի մատակարարումը նախատեսված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական տեխնիկայի գնման 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով:
Այնուհետև հրապարակում ցուցադրվեցին «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, որոնց խոցման հեռավորությունը կարող է հասնել 300 կմ-ի:
Ցուցադրության ամենանշանակալի դրվագներից էր «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայացումը, որոնք Հայաստանի Զինված ուժերի վերջին տարիների ձեռքբերումներից են: Դրանք կարող են խոցել հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտները մինչև 300 կմ հեռավորության վրա:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև հակաօդային պաշտպանության «ԲՈւԿ» զենիթահռթիռային համակարգերը, որոնց առկայության մասին Զինված ուժերում մինչ այս պաշտոնապես հայտնի չէր:
Ներկայացվեցին նաև «Ստրելա 10» զենիթային համալիրներ, С-300 և С-125 համակարգեր: