21/09/2016 16:49
Մեկնարկեց «Գրական տապան 2016» փառատոնը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ տրվեց «Գրական տապան 2016» փառատոնի մեկնարկը: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնն այս տարի Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կհամախմբի աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչների:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «Գրական տապան 2016»-ի մասնակիցները կվայելեն հայաստանյան այցի 10 օրերը:
«Մեր նպատակը չէ, որպեսզի դուք սիրահարվեք մեր երկրին, մեր նպատակն է ստեղծել հարազատության միջավայր: 32 երկրների 97 մասնակիցներ այս տարիներին Հայաստան են եկել և 217 ստեղծագործություն գրել մեր երկրի մասին»,-իր ելույսթում նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանն էլ բացման արարողության մասնակիցներին ներկայացրեց ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Վալերի Բրյուսովի նախաձեռնությամբ 1916 թվականին ռուսերենով ստեղծված և այս տարի նույնությամբ վերահրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ն, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեղեկացնենք, որ այն ներառում է ականավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Վարդգես Սուրենյանցի նկարազարդումները:
Բացման արարողության ընթացքում ցուցադրվեցին «Գրական տապան»-ին և Օսիպ Մանդելշտամին նվիրված տեսանյութեր: Կազմակերպվեց նաև թատերական ներկայացում՝ հիմնված նշանավոր բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի սոնետների վրա:
«Գրական տապան» փառատոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և մի շարք գրական կազմակերպությունների աջակցությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:
Յուրաքանչյուր տարի հրատարակվում է «Գրական տապան»-ի մասնակից գրողների` փառատոնի և Հայաստան այցի մասին տպավորությունները ներկայացնող ստեղծագործությունների երկլեզու (հայերեն և բնօրինակ) ժողովածուն: Այն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո: