21/09/2016 14:40
Ցուցադրված զինտեխնիկան ՀՀ ԶՈՒ տարբերանշանով էր. որևէ բան ասելն արդեն անիմաստ է. ռազմական փորձագետը՝ Երևանում կայացած զորահանդեսի մասին
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ այսօր Հանրապետության հրապարակում ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող զինտեխնիկան, այդ թվում ցուցադրվեցին նաև համակարգեր, որոնց առկայության մասին մինչ այդ չէր խոսվում:
Aysor.am-ի թղթակիցը ցուցադրված համակարգերի, տարաբնույթ մեկնաբանությունների մասին զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ:
- Պարոն Հարությունով, ռազմական տեսակետից ինչպե՞ս կմեկնաբանեք զորահանդեսը:
- Ապրիլյան պատերազմի արդյունքում առաջացավ ներքաղաքական, արտաքին քաղաքական և ռազմական որոշակի բալանսի փոփոխություն: Ցուցադրված ռազմական տեխնիկայի նոր համակարգերն ուղղված էին ռազմավարական բալանսը պահպանելուն ու ավելի հզորացնելուն: «Սմերչ»-ը և «Իսկանդեր»-ը ռազմավարական զսպման միջոց են: Դրանք ԼՂ կոնֆլիկտի պայմաններում ռազմավարական դեր են խաղում: Սրանք այն դասի զենքերն են, որոնք բավականին մեծ նշանակություն ունեն և ռազմավարական առումով կարող են ազդել հակառակորդի վրա:
- Ըստ Ձեզ, ի՞նչ ուղերձ էր փոխանցում զորահանդեսը ներքին լսարանին:
- Ներքաղաքական տեսանկյունից զորահանդեսն ուղղված էր չեզոքացնելու այն բացասական ազդեցությունը, որը կար ՌԴ և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունից: Գիտեք, որ Հայաստանում որոշակի դժգոհություն կար դրա հետ կապված: Կար նաև քննադատություն ՌԴ համագործակցության արդյունավետության վերաբերյալ: Հիմա այն հանգամանքը, որ Հայաստանը միակ երկիրն է Ռուսաստանից հետո, որ «Իսկանդեր» է ձեռք բերել, մասամբ մեղմում է քննադատությունը:
- Բնական է, որ Ադրբեջանը չէր կարող չարձագանքել: Ինչպե՞ս եք վերաբերում հնչած այն տեսակետին, որ Հայաստանն իր զինտեխնիկան չի ցուցադրել:
- Ցուցադրված գրեթե բոլոր համակարգերը, ինչպես օրինակ՝ «Սմերչ»-ը, «ԲՈՒԿ»-ը, արտառոց չեն, որովհետև բազմիցս էլ վաճառվել և վերավաճառվել են: Ադրբեջանն իր «Սմերչերի» մի մասը ստացել է Ուկրաինայից: Հետևաբար, Ադրբեջանի հայտարարությունը վերաբերում է այն համակարգին, որը մեծ նշանակություն ունի ուժերի բալանսի վրա տարածաշրջանում: Խոսքը մասնավորապես «Իսկանդերի» մասին է: Այսքան ժամանակ համարվում էր, որ Ռուսաստանն այն ընդհանրապես չի վաճառելու:
Գոյություն ունի պրակտիկա, որ դաշնակից երկրի կողմից տեղակայվում է բալանսի վրա ազդող համակարգ և վերահսկում է այն, եթե այդտեղ ունի ռազմաբազա: Բայց այսօր մենք տեսանք, որ այն ներկայացվել է, որպես տվյալ երկրի ԶՈՒ մաս: Այն, ինչ ցուցադրվել է, ՀՀ զինված ուժերի տարբերանշանով է ցուցադրվել, ուստի որևէ բան ասելն անիմաստ է:
- Այսինքն սա թո՞ւյլ է տալիս պնդել, որ մեր զինանոցում ունենք «Իսկանդեր»:
- Այս համակարգի օգտագործումը քաղաքական որոշման խնդիր է: Անկախ նրանից, ունենք այդ համակագը, թե ոչ, հարցն այն է, որ օգտագործելուց առաջ պետք է երկար մտածենք: Ադրբեջանը ևս պետք է երկար մտածի: Մենք սա տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Եթե ուշադրություն դարձրեցիք, այդ օրերին ո՛չ «Սմերչ»-ը, ո՛չ «Տոչկա»-ն գրեթե չեն օգտագործվել: Ադրբեջանը վերջին օրը «Սմերչ» օգտագործեց, այն էլ շատ սահմանափակ: Այս համակարգերը չեն օգտագործվում, որովհետև երկու կողմն էլ էսկալացիայից խուսափում են: Այս տեսանկյունից նման համակարգերի օգտագործումը ռազմական և քաղաքական խնդիր է, որն ավելի ակտուալ է, քան Ադրբեջանի հայտարարությունն, այն մասին, որ «Իսկանդեր»-ը Ռուսաստանինն է: