21/09/2016 10:43
Յոախիմ Գաուկ. Գերմանիան ցանկանում է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը
Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Պարո՛ն Նախագահ,
Իմ և իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ:
Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը:
Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության և Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար»:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի Թագավորության թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին: