21/09/2016 10:24
Օլանդը պատրաստակամ է Փարիզում հյուրընկալել հանդիպում` ԼՂ հարցի կարգավորման գործընթացն ի մի բերելու համար
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Պարո՛ն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ հաճույքով Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներս:
Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:
Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ:
Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար», - ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում: