21/09/2016 13:56
Դատարկաբանություն են խոսակցությունները, թե ցուցադրված զինատեսակները պատկանում են ռուսական ռազմաբազային. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիմարություն է համարում բոլոր այն խոսակցությունները, թե Հանրապետության Հրապարակում Անկախության տոնին նվիրված զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան հայկական Զինված ուժերինը չէ և բերվել է հրապարակ միայն ցուցադրման համար:
«Միանշանակ պարզ է, որ հայկական Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող զինատեսակները, այն բոլորը, որոնք ցուցադրվել են այսօր ռազմական շքերթի ժամանակ, ունեն հիմնական մեկ նպատակ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
«Իհարկե, հասկանալի է, որ նախանձը, վախը կամ այդ վախը հաղթահարելու ինքնախաբեական մեթոդներով են ադրբեջանցիները նման տեղեկություններ տարածում», - նկատեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հայկական զինված ուժերն այսօր համալրված են «Սմերչ», «Իսկանդեր» համակարգերով, С-300 հակաօդային պաշտպանության միջոցներով և ժամանակակից այլ զինատեսակներով:
Քաղաքագետն ասաց նաև, որ С-300 հակաօդային պաշտպանության միջոցները հայկական կողմը վաղուց ուներ, սակայն դրանք այսօր առաջին անգամ ցուցադրվեցին. «Որևէ տեղ նշված չէ, որ դրանք միասնական հակաօդային պաշտպանության շրջանակներում ստացված զինատեսակներ են: Դրանք բոլորը Հայկական բանակինն ու Զինված ուժերինն են, հետևաբար դատարկաբանություն են, և լուրջ վերաբերվել չարժե խոսակցություններին, թե դրանց պատկանում են ռուսական ռազմաբազային»: