21/09/2016 13:18
Զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինտեխնիկան փաստում է, որ Հայաստանը և Արցախը անպաշտպան չեն. Ստյոպա Սաֆարյան
Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինտեխնիկան պարունակում էր ուղերձներ՝ ուղղված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»ի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Ես կարծում եմ, որ զորահանդեսն առաջին հերթին սեփական հասարակությանն ուղղված մեսիջ է, բայց ոչ պակաս չափով կարևոր է նաև հակառակորդի համար: Նորագույն զինատեսակների ցուցադրությունը արդեն իսկ լուրջ ուղերձ է, որ Հայաստանը և Արցախը անպաշտպան չեն, կան լուրջ զինատեսակներ, որոնք չեն օգտագործվել, բայց կարող են օգտագործվել, եթե հակառակորդը սահմանները գերազանցի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սաֆարյանը:
Վերջինս ընդգծեց, որ ադրբեջանական մամուլն արդեն մանիպուլյացիայի է դիմում՝ պնդելով, որ այս զենքերը ռուսական ռազմաբազայինն են կամ դրանք կարող են օգտագործվել միայն ՌԴ թույլտվությամբ:
Ս.Սաֆարյանի կարծիքով՝ մեր ղեկավարությունն այս առիթը պետք է օգտագործի և ուշադրություն դարձնի անպատասխան մնացած այն հարցերին, թե ինչ հանգամանքներում և ինչ պայմաններում հայկական կողմը կարող է օգտագործել ցուցադրված տեխնիկան: