21/09/2016 10:29
Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:
Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»: