21/09/2016 15:04
Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին Տիգրան Մեծի շքանշան է հանձնել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետև դրանք կերտվել են միասնաբար:
«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատևման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարևորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը», - ընդգծել է նախագահ Սահակյանը:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման և ամրապնդման, համազգային նշանակության կարևորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար: