21/09/2016 19:20
Հաճելի է այս պարգևն ու գնահատականը. Դավիթ Սահակյանցն արժանացավ վաստակավոր արտիստի կոչման
Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական պարգևների արժանացան մի շարք ոլորտների առաջատար մասնագետներ:
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը վաստակավոր արտիստի կոչմանն արժանացածների շարքում էր: Aysor.am-ը, շնորհավորելով նրան, հետաքրքրվեց՝ իր համար սպասելի էր արդյոք նման որոշումը, հատկապես, որ վերջին տարիներին նմանատիպ կոչման արժանանում են նաև, մեղմ ասած, ոչ արժանիները:
«Ես էլ այն մարդկանցից եմ, ովքեր բազմիցս նշել են` կոչումը, կարծես, արժեզրկվել է: Մնում եմ այն կարծիքին, որ առավել գրագետ քաղաքականություն է պետք վարել այս հարցում, պատասխանատվությամբ մոտենալ կոչումներին: Այնուամենայնիվ, հաճելի է արժանանալ այս պարգևին, գնահատականին»,-մեզ հետ զրույցում նշեց մուլտիպլիկատորը:
Դ. Սահակյանցն ընդգծեց՝ սա ոչ միայն իր, այլև՝ ամբողջ խմբի ձեռքբերումն է: Բարձրարժեք գնահատական է, որն առավել է պարտավորեցնում: Սակայն դրանից ո՛չ մարդն է փոխվում, ո՛չ էլ՝ նրա առօրյան:
«Նկարիչների մի ամբողջ թիմ գիշեր-ցերեկ աշխատում է ինձ հետ, և սա բոլորիս կոչումն է: Միանշանակ, պարտադրող է: Չէ՞ որ նշաձողի ինչ-որ կետի ես հասնում, որից ցածր իջնելու իրավունք այլևս չունես: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա ամեն ինչ նույնն է. մրցանակ ստանալուց առաջ աշխատավայրում էի ու այնտեղից եմ գնացել, հետո էլ այնտեղ եմ վերադարձել: Սա իմ առօրյա կյանքն է, պարզապես հիմա գիտեմ՝ տարիներիս աշխատանքը գնահատվել է»,- ասաց նա:
Այսօր ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում ցուցադրվեց մեր սպառազինության գերակշիռ մասը: Հատկապես ուշադրության էր արժանի «Սմերչ», «Իսկանդեր» համակարգերի ցուցադրությունը: Այնինչ, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլյան դեպքերի ժամանակ, տարաբնույթ հայտարարություններ էինք լսում:
«Երբ խոսում ենք մեր բանակի մասին, միայն հպարտություն եմ զգում: Երեկ մրցանակ շնորհվեց նաև այն 20-ամյա երիտասարդին, ով ապրիլին թշնամու երկու տանկ էր ոչնչացրել: Հավատացեք, այդ տղայի ստացած մրցանակն ինձ համար շատ ավելի կարևոր էր, քան՝ մնացած բոլոր մրցանակները: Այսօրվա ներկայացված զենքերը վկայեցին, որ լավ սպառազինություն ունենք ու միգուցե վերջնական սթափեցնենք հարևաններին… Իսկ ապրիլին, այո, տարբեր էտապներ անցանք, այդ թվում՝ և հիասթափության: Հիասթափություն, որ ոչ թե բանակին, մեր տղաներին էր ուղղված, այլ որոշ փաստերի: Մտահոգություն կար՝ հանկարծ, ու ամեն ինչ չկրկնվի, մասշտաբային չդառնա: Բանակում եղած խնդիրները միշտ ստիպում են առավել զգոն լինել»,-նշեց վաստակավոր արտիստը:
25 տարին քիչ չէ ու ժամանակն է առավել ինքնուրույն դառնալու ու ամուր ոտքերի վրա կանգնելու:
«Գիտեք, պատմության անդրադարձ կատարելով՝ կհասկանանք, որ 25 տարին մեծ թիվ չի: Մարդկային տարիքի դեպքում է դա նկատելի դառնում, պետության դեպքում՝ ոչ: Մենք անկախություն ենք հռչակել և դա կարևոր է, բայց այդ անկախությանը պետք է զգույշ վերաբերվել: Իհարկե, յուրաքանչյուրս էլ կցանկանար, որ այս տարիների ընթացքում դառնայինք ամենահզոր անկախ պետությունը, բայց ամեն ինչ առջևում է»,-նկատեց Aysor.am-ի զրուցակիցը:
Դավիթ Սահակյանցն այժմ իր նոր կարճամետրաժ ֆիլմի ձայնագրության վրա է աշխատում, նաև ընթանում են Վարազդատ արքայի մասին պատմող «Օլիմպիկոս» մուլտֆիլմի աշխատանքները, որի պրեմիերան նախատեսվում է 2018 կամ 2019 թվականներին:
Կրկին անդրադառնալով օրվա թեմային՝ վաստակավոր արտիստը շնորհավորեց ու գնահատման կոչ արեց:
«Բոլորին շնորհավորում եմ անկախության տոնի կապակցությամբ: Գնահատենք այն, ինչ ունենք, հնարավորության դեպքում էլ՝ ավելացնենք»,- ասաց նա: