22/09/2016 09:21
Ազգային ժողովը կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու։ Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը։
«Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ՝ գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն։ Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային ու մաքսային ծառայությունների։
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում է իր կադրերին նշանակել այդ ոլորտում։ ՊԵԿ-ի բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում։
Կա նաև էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր։ Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ՝ մինչև տարեվերջ»,-գրել է թերթը։