22/09/2016 19:00
Ոչ Աղդամի շրջան կա, ոչ՝ Աղդամ. Բաբայանն արձագանքում է Բաքվի հայտարարությանը
Ադրբեջանի պահվածքը քաղաքական կրկես է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախում այս օրերին, իբրև թե, անցկացվող զորավարժությունների վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը:
«Աղդամին սահմանակից շրջաններում երևում է փոշի, որն անցկացվող զորավարժությունների ժամանակ հրետանային կրակի ու տեխնիկայի տեղաշարժի հետևանք է», - ինչպես հաղորդում է Interfax.az-ն, այս մասին ասված է Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ անդամ երկրներին ուղղված հայտարարության մեջ:
«Նախ ոչ Աղդամի շրջան կա, ոչ Աղդամ քաղաք: Դա մեկ: Երկրորդը՝ շատ տարօրինակ է, երբ որ ադրբեջանական կողմը նման դիմումներ է ուղղում: Պարզապես չգիտենք՝ սա քաղաքական կրկե՞ս է, թե՞ ինչ: Մի երկիր, որը սանձազերծել է պատերազմ ապրիլ ամսին, խախտել է բոլոր միջազգային նորմերը, կոնվենցիաները, փաստաթղթերը՝ հիմա մեղադրում է Արցախին Մինսկի խմբի գործընթացին վնաս հասցնելու մեջ: Սա ծիծաղելի է», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ հարևանի հետ:
«Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում է խաղաղ գործընթացը, այլև՝ ցինիզմ է դրսևորում: Ադրբեջանն ընդհանրապես իրավունք չունի որևէ մեկին մեղադրել ինչ-որ բանում, քանի որ ֆաշիստական պետություն է, որը սանձազերծել է ապրիլյան պատերազմն ու հերոսացնում է ինչ-որ տականքների, որոնք գլխատում են մարդկանց», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: