22/09/2016 14:30
Այստեղ արտացոլված է մեր վիճակը, ժողովրդի ներվը, կեցությունը, արտագաղթը. Գոռ Մարտիրոսյանը՝ «Բուղլամա» ներկայացման մասին
Դերասան Գոռ Մարտիրոսյանը, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից՝ Ջամշոյանի կերպարով, շուտով հանդիսատեսին կներկայանա նոր կատակերգական ներկայացմամբ:
«Սցենարիստը և բեմադրիչն իմ ուսանողական ընկերը՝ Արամ Մարուխյանն է: Նա որոշեց, որ ես էլ պետք է ընդգրկվեմ իր ներկայացման մեջ: Դերասանական կազմը բաղկացած է 5-6 հոգուց: Կարծում եմ՝ հանդիսատեսը գոհ կհեռանա դահլիճից»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գ. Մարտիրոսյանը:
Ներկայացումն անդրադառնում է սիրուն, հավատարմությանը, սոցիալական և քաղաքական իրավիճակին, երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հումորի տեսքով:
«Այստեղ արտացոլված է մեր վիճակը, ժողովրդի ներվը, կեցությունը, արտագաղթը: Մարդիկ չգիտեն՝ գնան, թե՞ մնան…Առանցքային կերպարները՝ Հարութն ու Սերոբը, բաջանաղներ են: Հարութը երաժշտության մե՜ծ սիրահար է, 10 տարի փորձել, բայց կոնսերվատորիա չի ընդունվել ու հիմա ամբողջ ուշքն ու միտքը դա է: Իմ մարմնավորած Սերոբն էլ իրեն քաղաքական գործիչ է երևակայում, տան անդամների հետ միտինգ է անում: Նրա միտինգին բավական է և 2, 5 կամ 7 հոգի: Այս մարդն էլ էտ հողի վրա է «խփնվել»: Նրանց կանայք, ովքեր երկու քույրեր են, էլ չեն դիմանում»,-ժպիտով մանրամասնեց մեր զրուցակիցը:
Դերասանը նկատեց՝ վատն այն է, որ թեև հումորով, բայց ժողովրդի դարդն ու ցավն իրենց դիմաց են դնում.
«Սա ճշմարտությունն է՝ հումորային մատուցմամբ: Շատ ավելի լավ կլիներ, որ այս ամենին բախվեինք միայն բեմում, ոչ կյանքում»:
Մոտ 2 ժամ տևողությամբ «Բուղլամա» ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի բեմում կլինի սեպտեմբերի 27-ին և 28-ին: