23/09/2016 11:33
Սևանը միայն խորոված անելու, մեքենայի մագը «քոքելու» ու «տմբլատաշի» տեղ չի. DJ Smoke-ն՝ երաժշտության, տուրիզմի ու իր ամենամեծ երազանքի մասին
Ընդունված է, որ ակումբային կյանքն առավել շատ գրավում է դեռահասներին ու երիտասարդներին: Հետևաբար, ամռան ամիսներին ակումբներում ծանրաբեռնվածությունը նվազում է, չէ՞ որ քաղաքից բացակայում են հանգստի մեկնող դպրոցականներն ու մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում սովորող տարբեր շրջանների ուսանողները:
«Արձակուրդային և ուսումնական շրջանների տարբերությունը հետևյալում է, քանի որ ամռանը տուրիստները շատ են լինում, մեր ամառներն առավել հետաքրքիր են անցնում, առավել «գժոտ»: Բացօթյա միջոցառումներ ենք կազմակերպվում՝ լողովազաններում, տանիքներում… Անկեղծ ասած՝ մենք քաղաքում երկու ակումբ ունենք միայն, որոնք փորձում են քիչ թե շատ որակ ապահովել ու գոհացնել այցելուներին: Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա այսօր 100-ից 2-ն են «քլաբեր», թե չէ 5 հոգով գալիս են, 3 հատ կոլա ու 3 հատ սուրճ են վերցնում»,- Aysor.am-ի թղթակցին պատմեց DJ Smoke-ն:
«Նման մարդիկ իրականում սրճարանային հաճախորդներ են: Ու դա բնական է, չէ՞ որ ուսանողը պլանավորում է իր ամսական ծախսը: Եթե, օրինակ, ինքն ամիսը 60 հազար դրամի մեջ պետք է տեղավորվի, ապա չի կարող գալ ու ամեն շաբաթ ճոխություններ թույլ տալ իրեն: Գուցե ամսվա մեջ 1-2 անգամ գա, այն էլ՝ 1-2 ժամով: Եվ հետո, մեր հայ ուսանողները ակումբային կուլտուրայից այնքան էլ գիտակ չեն, 1-ին, 2-րդ կուրսում սա իրենց համար էկզոտիկա է: Չհաշված, ըստ իրենց՝ այստեղ վատ աղջիկներ ու տղաներ են: 4-5 տարի այցելելուց հետո մի քիչ «գլուխ են հանում», բայց արդեն ավարտելիս են լինում ու մեկնում մարզեր»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք ակումբ հաճախելը այդքան թա՞նկ հաճույք է, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նայած՝ ով ինչ «ախորժակ» ունի: Մարդ կա, իրեն 5000 դրամը բավարար է, մարդ էլ կա՝ 1000 դոլարի մեջ հազիվ է տեղավորվում: Ակումբում հստակ ֆիքսված թվեր չեն գործում. միակ տարբերությունն այն է, որ VIP տարածք վարձելու դեպքում բոլորովին այլ սակագներ են, իսկ սովորականի դեպքում՝ մուծում ես մուտքավճարն ու մնացածը քո ընտրությունն է: Բայց, դե ամեն ինչ մարդուց է կախված, պատահում է՝ 1 հատ գարեջրով անպիսի քեֆ են անում, որ «VIP»-ի՝ 1 մլն դրամ ծախսածները նախանձում են»:
Շատերի մոտ դեռ պահպանվում է այն մտածելակերպը, որ ժամը 18:00-ից հետո աղջիկը պետք է տանը լինի, ակումբ այցելող աղջիկների մասին էլ ավելորդ է խոսել:
«Գիտեք, Երևանը վերջին երկու տարիներին սկսել է արագորեն «ափդեյթ» լինել: Մեծամասնության համար ակումբը նորմալ ժամանցային վայր է, որտեղ հնչում է լավ երաժշտություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
DJ Smoke-ն նկատել է՝ երիտասարդների մի հատված եկել է այն գիտակցության, որ դիջեյն արտիստ է, երաժիշտ:
«Գիտեք, դիջեյը երգ միացնող չէ: Պետք է առաջին հերթին լինես լավ երաժիշտ: Սա կենսակերպ է, տեսակ: Կարծում եմ՝ այս ոլորտը մի օր կմաքրվի, թե չէ ամեն երկրորդն իրեն դիջեյ է համարում, ինչ է թե մի երկու երաժշտություն գիտի: Նեղվում եմ, երբ էդ «պուճուրներին» էլ են DJ ասում, մեզ էլ, ովքեր այս քաղաքում ինչ-որ բան են փոխել, ինչ-որ գույն են տվել… Մինչև 2005 թվականն այս նույն վիճակն էր Մոսկվայում: Մեզ մոտ էլ այս ալիքը կկորի, ու մաղի վրա կմնան կլոր, սիրուն ու ձիգ «քարերը»»,- հույս հայտնեց նա:
Ըստ նրա՝ Հայաստանը կարող է տուրիստական հրաշալի գոտի դառնալ՝ մեկտեղ քարոզելով հայկական, մաքուր ու ճիշտ երաժշտություն: Ու այդ երաժշտությունը պետք է հասցնել նաև դրսի հայերին:
«Շատ եմ ցանկանում, որ օտարները հետաքրքրված լինեն մեր երկրով, մեր մշակույթով: Թող գան, լսեն տեղացի դիջեյների երաժշտությունը: Ախր Հայաստանը միայն Մասիսը չի, Հայաստանն ավելի մեծ է ու «շատ», ավելի հարուստ, քան իրենք են պատկերացնում: Մենք Սևան ունենք, որը միայն խորոված անելու, մեքենայի մագը «քոքելու» ու «տմբլատաշի» գոռալու տեղ չի, հարբելու, խալաթներով լողացող կնիկների տեղ չի: Իմ ամերիկացի ընկերները միշտ ասում են՝ ո՞նց չեք օգտագործում այս հրաշքը… Վերջերս գործի բերումով մի քանի ռուսական քաղաքներում եղա ու նկատեցի, ցավոք, այնտեղի հայերը շատ վատ երաժշտություն են լսում: Հիմա մտածում եմ հետաքրքիր որևէ բան անել ու այնտեղ տանել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ սխալ պատկերացում ունեն հայկական՝ թեկուզ ակումբային երաժշտության մասին»,- նկատեց DJ Smoke-ն:
Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այստեղ ևս դրսի ազդեցությունը զգացվում է: Հատկապես վերջին շրջանում շատ ենք սիրում կրկնօրինակել ու օտար մշակույթ ներմուծել:
«Ես միշտ ասում եմ՝ սովորեք դրսից ճիշտ բան վերցնել: Ախր մենք, չգիտես ինչու, ամենավատ բաներն ենք վերցնում ու չենք էլ կարողանում ճիշտ մատուցել: Էնպես չի, որ իրենք ուրիշներից չեն վերցնում, բայց, ներեցեք արտահայտությանս, «կեղտը» շոկոլադ են սարքում ու էնպես են մատուցում, որ հավեսդ գալիս է: Ես դասական արվեստից չեմ խոսում, այլ ժամանակակից երիտասարդական երաժշտության մասին է խոսքը, որը ևս պետք է որակով ու լավը լինի: Այսօր ամբողջ աշխարհը գնում է դեպի էլեկտրոնային, հիփ-հոփ, տեխնո երաժշտություն, իսկ մեր «աստղերն» ասում են՝ չէ, ժողովուրդն այս է ուզում ու մենք այս ենք երգում: Ես այս մոտեցումը միշտ չեմ հասկացել: Երևի ազգին այդպե՞ս են սովորեցրել: Մեղքն այն մարդկանցն է, ովքեր 90-ականներին թույլ տվեցին այդ երաժշտությունը մտնի հեռուստատեսություն: TV-ն միացնում ես՝ հարսանիքի մասին ով ինչ կարա՝ երգում ա: Մեր ազգի կեսը երգիչ ա, կեսը՝ թամադա: Ժամանակին բոլորը բարմեն էին, դա էր փողաբերը: Նույն կերպ գիտեին՝ բարմենը կոֆե դնողն է»:
Ի դեպ, DJ Smoke-ն բացի գործնական հարաբերություններից նաև ընկերական ամուր թելերով է կապված հայ հայտնիների, հատկապես՝ դերասանների հետ: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է օրերից մի օր նրան հանդիպենք այս կամ այն սերիալում՝ ժպիտով պատասխանեց.
«Ճիշտ է, դերասանական որոշակի դպրոց անցել եմ, բայց չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ խաղալ: Մի քանի ֆիլմերում էպիզոդիկ կերպարներում եղել եմ, բայց ոչ ավելին: Սակայն կխոստովանեմ՝ ամբողջ կյանքում երազել եմ, որ նկարահանվի ֆիլմ դիջեյի մասին, ես էլ լինեմ գլխավոր հերոսը: Թեկուզ կատակերգական, չէ՞ որ մենք էլ այնքա՜ն շատ զավեշտալի պատմությունների միջով ենք անցնում: Այ նման առաջարկից երբեք չեմ հրաժարվի, եթե պետք է, նույնիսկ նորից հատուկ դասընթացի կգնամ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: