23/09/2016 14:58
Ներկայացվել է հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում անցկացվել է «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայվող «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը: Հատկանշական է, որ Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն:
«Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ստեղծագործողները լավ են գրում»,-շնորհանդեսի ընթացքում նշել է հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը:
Նախագիծը հիմնադրվել է դեռևս 2004 թվականին և ակտիվ գործունեություն է ծավալում: Դրա շրջանակում թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից: Ամսագրում ընդգրկված են նաև հատվածներ Օսիպ Մանդելշտամի՝ Հայաստանին ձոնված գործերից, գրականագիտական հոդվածներ, այլ թարգմանություններ:
Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն «Գվիդեոն»-ի նոր համարում տպագրված ստեղծագործությունների հեղինակները, այլև «Գրական տապան 2016» փառատոնի հյուրերը: Գրող Հովհաննես Ազնաուրյանը, ում ստեղծագործությունները ևս ներառվել են «Գվիդեոն»-ի նոր համարում, նշեց, որ կարևորում է նման նախաձեռնությունները: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին` նա առանձնահատուկ շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանի հետ նույն համարում հրատարակվելը պատիվ է:
Գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ:Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո: