23/09/2016 11:49
ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են ս.թ. սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցույթունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։
Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել դրանք: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։