24/09/2016 09:20
Սերգո Կարապետյանի թանկարժեք բնակարանը՝ Հյուսիսային պողոտայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլևս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում։ Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից։ Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար։
«Ուշագրավ է նաև այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ և հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել։ Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռևս շարունակվում են»,-նշել է թերթը։
«Ժողովուրդը» փորձել է վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց՝ Վաչագան Կարապետյանից։ Վերջինս թերթի հետ զրույցում հաստատել է նոր բնակարան գնելու հանգամանքը՝ ասելով որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել և նոր բնակարան գնել։
Ի դեպ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնանկության առնչությամբ պահանջվող գույքի և եկամուտների հայտարարագիրը հրապարակվելուց հետո, թերևս, ակնհայտ կդառնա՝ նախարարի պաշտոնում գործունեությունն ինչպես է ազդել նրա ունեցվածքի վրա։