24/09/2016 15:05
Արտակ Զաքարյանը կարևորել է Մեքսիկայի նախագահի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության ևրոպայի վարչության պետ, դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոյի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, արդյունաբերական կապերի զարգացումը:
Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիսկո դել Ռիոյի այցը ՀՀ Ազգային ժողով նոր շունչ կհաղորդի և արդյունավետ կլինի հետագա համագործակցության զարգացման գործում:
Արտակ Զաքարյանը կարևորել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոն տեղեկացրել է Երևանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս ունենալու մեքսիկական կողմի մտադրության մասին, ինչը հայ խորհրդարանականները ողջունել են` համարելով այն անչափ կարևոր քայլ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը վստահեցրել է, որ հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի ներքին կյանքին: Նա նաև տեղեկացրել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ:
Ֆրանսիսկո դել Ռիոն նշել է, որ Մեքսիկան իր Սահմանադրության մեջ ամրագրել է արտաքին քաղաքականության սկզբուքները, որոնց թվում են ազգերի ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, միջազգային համագործակցությունը: Մեքսիկան, առաջնորդվելով այդ սկզբունքներով, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին և ցանկանում է լավագույնը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: