24/09/2016 14:40
Նվերներ ու անակնկալներ դեռ շատ-շատ կլինեն. Ծնվել է դերասաններ Վիգեն Թադևոսյանի և Անի Վարդանյանի առաջնեկը
Սեպտեմբերի 22-ին ժամը 13:30-ին Մարգարյան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել դերասաններ Վիգեն Թադևոսյանի և Անի Վարդանյանի առաջնեկը՝ փոքրիկ Յանան:
«Մեր աղջիկը ծնվել է 3,5 կգ քաշով և 50 սմ բոյով: Անունը ես ու կինս միասին ենք ընտրել: Ուզում էինք և՛ գեղեցիկ, և՛ հետաքրքիր անուն տալ ու անվանակոչեցինք Յանա, որը նշանակում է Աստծո ողորմածություն»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նորաթուխ հայրիկը:
Ծնվելուց 20 րոպե անց Վիգենը հանդիպել է Յանային:
«Զգացողությունս չեմ կարող նկարագրել: Անբացատրելի երջանկություն,ուրախություն, հուզմունք, պատասխանատվություն… Ամեն ինչ խառնվում է իրար, տեսնելով փոքրիկին, ուրիշ մարդ ես դառնում»,-հուզմունքով խոստովանեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ փառք Աստծո, և՛ մայրիկը, և՛ բալիկն իրենց լավ են զգում, երկու օրից էլ իր հրաշքներին տուն կտանի: Հարցին, թե ո՞վ է օգնելու փոքրիկին խնամելու հարցում, պատասխանեց.
«Վստահ եմ, որ ինքներս «գլուխ կհանենք»: Բայց, իհարկե, տատիկներն էլ մեր կողքին են ու պատրաստակամ՝ ամեն հարցում աջակցելու»:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամուսինները միշտ մի ինքնատիպ անակնկալով կամ նվերով են շնորհավորում ու շնորհակալություն հայտնում կողակիցներին՝ իրենց կյանքն առավել լուսավորելու և գեղեցկացնելու կապակցությամբ:
«Ես անակնկալ նվերի մասին դեռ չեմ հասցրել մտածել, բայց մի բան հաստատ է. նվերներ ու անակնկալներ դեռ շատ-շատ կլինեն»,-ժպիտով խոստացավ Վիգեն Թադևոսյանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է նորաթուխ ծնողներին և երջանիկ մանկություն մաղթում փոքրիկ Յանային: