26/09/2016 17:28
Ադրբեջանում անցկացվող հանրաքվեն դժվար թե ինչ-որ շոշափելի փոփոխություն բերի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում. Փորձագետ
Ադրբեջանում անցկացվող հանրաքվեն հիմնականում ուղղված է նախագահական ինստիտուտի ուժեղացմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տարածաշրջանային ռազմաքաղաքականության հարցերով մեկնաբան Տարոն Հովհաննիսյանը:
«Չնայած այնտեղ ուրիշ կետեր էլ կան, ենթադրենք, մի քանի կետեր զուտ մարդու իրավունքներին էին վերաբերում և այլն, բայց հիմնական կետերը ուղղված են նախագահական ինստիտուտի ուժեղացմանը», - ասաց նա:
Նրա խոսքով՝ մի քանի կետեր կոնկրետ ուղղված են Իլհամ Ալիևի քաղաքականությանը:
«Խոսքը իշխանություն մարմինները տարանջատելու մասին է, որը թույլ է տալիս ավելի լավ հսկողություն սահմանել իշխանական համակարգի նկատմամբ: Առաջիններից մեկը նախագահության ժամկետի 5-ից 7 տարի բարձրացնելն է, որն էլ ավելի է ամրապնդում Իլհամ Ալիևի դիրքերը», - ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքով՝ ըստ իրավաբանների՝ սա բոլորովին անտեղի է Ադրբեջանի պարագայում, «որովհետև դրա կարիքը չկա. երկրի զարգացման և այլնի տեսանկություններից սա ուղղակի ուղղված է Ալիևի իշխանության ամրապնդմանը»:
Երկրորդ հարցը, ըստ Տարոն Հովհաննիսյանի, որ բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց, դա 35 տարեկանի արգելքը հանելն էր:
«Այսինքն ֆորմալ առումով անչափահաս անձը կարող է իր թեկնածությունը դնել Ադրբեջանի նախագահ դառնալու համար: Սա ուղղված է Իլհամ Ալիևի որդուն իշխանության բերելուն կամ, այսպես ասած, ալիևների ժառանգական իշխանության ապահովմանը: Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը բավականին երիտասարդ է, շուրջ 20 տարեկան, և ներկայիս սահմանադրության պայմաններում Իլհամ Ալիևը ստիպված է լինելու դեռևս 15 տարի առնվազն պաշտոնավարել, որպեսզի տղան հասներ այդ տարիքին և դրա իրավունքը ստանար: Ներկայումս այդ արգելքը չկա, իհարկե, չենք կարող միանշանակ պնդել, որ հենց դա է խնդիրը, բայց ամենատրամաբանականն այս պահին թերևս հենց դա է», - նշեց Տ.Հովհաննիսյանը:
Հաջորդը հարցը, նրա դիտարկմամբ, փոխնախագահների ինստիտուտի ներդրումն է, որը նույնպես մտածեու տեղիք է տալիս:
«Դեռևս հստակ նշված չէ, թե քանի փոխնախագահ է լինելու, սակայն խոսք է գնում երեք փոխնախագահների մասին: Այստեղ խնդիրն այն է, որ հիմնականում միջազգային պրակտիկայում, ենթադրենք, Միացյալ Նահանգներում, որտեղ կա փոխնախագահի ինստիտուտ, փոխնախագահի թեկնածությունը առաջադրվում է նախագահի հետ, անցնում է ընտրարշավը, և մարդիկ, ընտրելով նախագահին, ընտրում են նաև նրա փոխնախագահին: Ադրբեջանի պարագայում փոխնախագահներին նշանակում է անմիջապես երկիր նախագահը, սակայն եթե մինչև այդ օրենսդրությամբ սահմանված կարգով նախագահը չէր կարողանում պաշտոնավարել, ժամանակավորապես մինչև նոր ընտրությունների անցկացումը նախագահի պաշտոնակատար դառնում էր վարչապետը, այնուհետև սահմանված կարգով խորհրդարանի նախագահը և այլն: Հիմա նախագահ պետք է դառնա առաջին փոխնախագահը, այնուհետև եթե նա չկարողանա՝ մյուս փոխնախագահները և հետո միայն անցում է կատարվում նախորդ կարգին», - մանրամասնեց փորձագետը:
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ, ըստ էության, եթե Ադրբեջանի նախագահը չկարողանա պաշտոնավարել, ժողովրդի կողմից ուղղակի կամ անուղղակի ընտրության միջոցով չընտրված մարդը դառնում է Ադրբեջանի նախագահ:
«Բացի այդ, նախագահը ունի որոշակի ազդեցություն այդ մարդու նկատմամբ, իր շրջանակներից է նշանակում, այս դեպքում ևս սա նախագահի կլանի իշխանությունը պահպանելուն ուղղված որոշակի քայլ է», - ասաց Տ.Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ կետեր էլ կան, որոնք փոփոխության են ենթարկվում, բայց հենց միայն սրանցով արդեն պարզ է դառնում հանրաքվեի հիմնական նպատակը՝ որպես նախագահական ինստիտուտի հզորացում, Ալիևի իշխանության ժառանգականության ապահովում:
Տարոն Հովհաննիսյանը կարծում է նաև, որ այս հանրաքվեով, ըստ էության, դժվար թե ինչ-որ շոշափելի փոփոխություն լինի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Որովհետև այսօր ևս Իլհամ Ալիևը գրեթե բացարձակ իշխանություն ունի, գուցե ինչ-որ մասը հենված է օրենսդրական ակտերի վրա, ինչ-որ մասը այդ ակտերի վրա հենված չէ, բայց փաստացի այդպես է: Իրականում դե ֆակտո ունենք իրավիճակ, երբ Ալիևը գրեթե բացարձակ իշխանություն ունի Ադրբեջանում և այս տեսանկյունից չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի, համենայնդեպս, առայժմ», - շեշտեց տարածաշրջանային ռազմաքաղաքականության հարցերով մեկնաբան Տարոն Հովհաննիսյանը: