26/09/2016 11:39
«Իսկանդերի» հեռահարությանը բավարար է, որ խոցվեն մեր ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակության օբյեկտները. Տոնոյան
Ռազմական արտադրանքի ձեռքբերման տեսանկյունից Հայաստանի վրա որևէ սահմանափակում դրված չէ, այդ շուկան ազատականացված է մեզ համար, «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնայանը:
«Ոչ մի սահմանափակում չկա Հայաստանի համար ռազմական արտադրանքի ձեռքբերման տեսանկյունից: Ուղղակի կան որոշակի սահմանափակումներ ԵՄ անդամ երկրների և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից, որոնք կոնֆիլկտային տարածաշրջաններ զինտեխնիկա չեն մատակարարում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
ՊՆ առաջին տեղակալն ընդգծել է՝ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանն, ապա այն լիովին կատարում է իր դաշնակցային պարտավորությունները:
«Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները: Այս զինտեխնիկայի ձեռքբերման աղբյուրների մասին չեմ ուզում խոսել, բայց, իհարկե, ՌԴ կողմից տրամադրված վարկով ևս շատ լուրջ վերազինում է իրականացվում», - ասել է Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծել է՝ ցուցադրված «Իսկանդեր» համակարգերը պատկանում են ՀՀ Զինված ուժերին:
««Իսկանդերը» ՀՀ սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, այն ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում չի խախտել որևէ հրթիռային տեխնոլոգիաների սահմանափակման կամ համաձայնագրերի որևիցե կետ: Այն, ինչ մենք ունենք, չի խախտում նաև Հայաստանի որևէ պարտավորություն», - ասել է ՊՆ առաջին տեղակալը:
Նրա խոսքով՝ «Իսկանդերի» հեռահարությանը բավարար է, «որպեսզի խոցվեն ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտները»: