26/09/2016 11:01
Դավիթ Տոնոյան. Առաջնագծում ունենք ոչ թե հավասարություն, այլ՝ առավելություն
Նոր զինտեխնիկայի ձեռքբերումով մենք տարածաշրջանոմ բալանսի խնդիր չենք լուծում, մենք պետք է լինենք առավել, որպեսզի կարողանանք այդպիսով զսպել հակառակորդին, «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Բոլոր ռազմական շքերթներն առաջին հերթին լավ իմաստով քարոզչական նպատակ ունեն, ինչպես քո հասարակության համար, այնպես էլ՝ հարևանների: Կարծում եմ՝ այս շքերթով մենք այդ նպատակին հասանք: Ցուցադրվեցին ռազմական տեխնիկայի նոր նմուշներ և դրանց հետ կապված ամենամեծ հետաքրքրությունը հրթիռային համալիրների շուրջ էր», - ասել է Դավիթ Տոնոյանը:
Նա նշել է՝ այսպիսով ՀՀ ԶՈւ նոր ձեռքբերումներն էլ հաշվի առնելով՝ առաջնագծում ունենք ոչ թե հավասարություն հակառակորդի հետ, այլ՝ առավելություն մեր կողմից:
«Շատ գնահատականներ եղան, որ ցուցադրված այս նոր համալիրները զսպող, սանձահարման դերակատարություն ունեն, ինչպես նաև բալանսի խնդիր են լուծում: Ըստ իս, մենք ոչ մի բալանսի խնդիր չենք լուծում, մենք պետք է լինենք առավել, պետք է գերազանցենք մեր հակառակորդին, որպեսզի զսպիչ դեր կատարենք: Առաջնագծում կա առավելություն մեր կողմից, ոչ թե հավասարություն»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծել է՝ Զինված ուժերի անձնակազմը լիովին տիրապետում է եղած զինտեխնիկայի շահագործմանը:
«Տեխնիկական համալրմանը զուգահեռ զինված ուժերում փոխվում է նաև ուսուցման մակարդակը: Այսօր Զինված ուժերում չկա այնպիսի զինտեխնիկա, որի կիրառմանը մեր անձնակազմը պատրաստ չլինի», - նշել է Դ.Տոնոյանը: